Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Անխել Մարիա Վիլյարին և նրա որդուն՝ կոռուպցիայի կասկածանքով:
Նախաքննության համաձայն, 67-ամյա Վիլյարը աջակցել է տեղական ֆեդերացիաներին՝ իր վերընտրության ժամանակ նրանց ձայները ստանալու դիմաց, ինչպես նաև ապօրինի եկամուտ ստացել տեղական ֆուտբոլային հանդիպումներից: Անցած մայիսին նա 8-րդ անգամ էր միաձայն ընտրվել այդ պաշտոնում, թեև ընտրությունն ուղեկցվել էր կեղծիքների մասին մեղադրանքներով:
«Այս երկրում որևէ մեկն անձեռնմխելի չէ, և բոլորն են պարտավոր հետևել օրենքին», - հայտարարել է Իսպանիայի կառավարության խոսնակը:
Վիլյարը ղեկավարում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 1988-ից, նրա պաշտոնավարման տարիներին երկրի ֆուտբոլի հավաքականը երկու անգամ նվաճեց Եվրոպայի գավաթը, 2010-ին էլ լավագույնը դարձավ աշխարհի առաջնությունում: