Մատչելիության հղումներ

Ի՞նչ ուղերձ հղեց Սարգսյանը, մեկնաբանները փորձում են «վերծանել» նախագահի վերջին հարցազրույցը


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստում, 8-ը մայիսի, 2017 թ․

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը չի հստակեցնում հարցը՝ ուզում է լինել վարչապետ, թե ոչ, քանի որ իր պաշտոնավարման ավարտից հետո կարող է նաև շահագրգիռ չլինել այդ պաշտոնը զբաղեցնելու հարցում:

«Եթե չկա տնտեսության շոշափելի փոփոխման հեռանկար, Սերժ Սարգսյանն իր վրա այդ մեծ պատասխանատվությունը չի վերցնի, որովհետև ով՞ պետք է հետո պատասխան տա տնտեսության այդ վիճակի համար: Ի վերջո՝ հայտարարությունը, որ այդքան էլ էական հարց չէ, թե ով կլինի վարչապետը, իմ գնահատմամբ՝ ավելի շատ հայտարարություն էր վարչապետ չլինելու մասին»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Հյուրընկալվելով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին, Սաթիկ Սեյրանյանի ուղիղ հարցին՝ 2018-ին ցանկանու՞մ է լինել վարչապետ, Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել էր․ «Երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չի, չէ՞: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում «լավ էլ հստակեցրեց»՝ արդյո՞ք մտադիր է 2018 թվականի ապրիլից՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

«Ինքը բացատրեց, թե ինչու այդ հարցն էական չէ: Ինքը բառացիորեն ասաց՝ ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին: Գործող վարչապետը՝ Կարեն Կարապետյանը խորհրդարանում մեծամասնություն չունի, իսկ ինքը ունի: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասաց՝ վարչապետի պաշտոնն իմ պաշտոնն է, ինձ է պատկանում: Կուզեմ՝ ինձ կվերցնեմ, կուզեմ ուրիշին կտամ, հետո ձեռքից կվերցնեմ մեկ ուրիշին կտամ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը:

Սարգսյանի այն հայտարարությունը, թե երբեք չի մտածել՝ որն է իր հաջորդ գործունեության ոլորտը, ըստ Հակոբ Բադալյանի, ինտրիգը խորացնելու նպատակ ուներ: «Կամ իր համար էլ ամեն ինչ անորոշ է և բազմաթիվ հարցեր գտնվում են իր ազդեցությունից դուրս և ընդհանրապես Հայաստանից դուրս, կամ եթե նույնիսկ ինքն ունի որոշակի պատկերացումներ, այդուհանդերձ, դրանք ենթադրում են իշխանական և ողջ ներքին դաշտում անորոշություն, անհստակություն համակարգի սուբյեկտների մեջ, ինչը նրան թույլ կտա քիչ ռեսուրսներով բայց արդյունավետ կառավարել:

Որովհետև այդպիսին է հայաստանյան համակարգը՝ բացարձակ նախաձեռնողականությունից և պատասխանատվությունից զուրկ համակարգ է: Բավական է մի փոքր անորոշությունը խորացնես, և այդ համակարգն անմիջապես փորձում է պաշտպանություն գտնել ինչ-որ մեկի մոտ: Բնականաբար, այդ պարագայում ավելի շատ կվազեն Սարգսյանի մոտ պաշտպանություն խնդրելու, և դա կօգնի նրան մեծացնել կառավարումն այս անցումային փուլում»,- կարծիք հայտնեց Հակոբ Բադալյանը:

Ընդդիմադիր «Ելք»-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն ինչ անելու են Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու ծրագիրը խափանելու համար: Անհրաժեշտության դեպքում չէին բացառել նաև ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունը: «Ազատության» հետ զրույցում քաղաքական մեկնաբանները կասկած հայտնեցին, որ կարող է լինել Սերժ Սարգսյանի համար լուրջ խնդիրներ առաջացնող փողոցային շարժում:

Հակոբ Բադալյանը քիչ հավանական համարեց նման զարգացումն ու շարունակեց․ «Քիչ հավանական եմ համարում, որ նա [պաշտոնավարման ժամկետի ավարտից] անմիջապես հետ կգնա վարչապետի պաշտոնին: Այդուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում մեծ փողոցային շարժումը քիչ հավանական է, կարող են լինել ինչ-որ փոքր ակցիաներ, որոնք իշխանության համար ոչ միայն խնդիրներ չեն առաջացնի, այլև գուցե ինչ-ինչ այլ խնդիրներ լուծելու հնարավորություն կտան»:

Արմեն Բաղադասարյանն էլ այս հարցի առնչությամբ նշեց․ «Անկեղծ ասած՝ շատ չեմ հավատում, թե նրանք թավշյա հեղափոխություն կանեն կամ անգամ կփորձեն անել: Փորձեն էլ՝ չեմ կարծում, թե ինչ-որ արդյունքի կհասեն, առավել ևս, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ իրենց կարծիքով ավելի լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG