Մատչելիության հղումներ

Երևանում տեղի ունեցավ երթ՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»


Երթ Երևանում՝ ի աջակցություն «Սասնա ծռերի», 17-ը հուլիսի, 2017թ․

Այսօր Երևանում տեղի ունեցավ հավաք և երթ՝ ի աջակցություն «Սասնա ծռերի» անդամների: Մեկ տարի առաջ այս օրը զինված խմբի անդամները վաղ առավոտյան գրավեցին Էրեբունու ոստիկանական գնդի տարածքը և այն իրենց վերահսկողության տակ պահեցին երկու շաբաթ: «Սասնա ծռերի» անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին:

Այսօրվա երթին մասնակցում էին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «մեկ տարի առաջ տրվել է մեկնարկ մի գործողության, որը պետք է բերի ազատ և ինքնիշխան Հայաստանի, որը այսօր մենք չունենք»:

«Մնացածը արդեն կախված է մեզնից ու մեր հանրությունից», - ասաց Փոստանջյանը:

Արձագանքելով դիտարկմանը՝ փաստորեն արդյունավետ է գնահատում «Սասնա ծռերի» գործողությունը, Փոստանջյանն ասաց․ - «Այնքանով է արդյունավետ, որ հերոսների կողմից բարձրացվեց հարց, որ այսօր գոյություն ունեցող իշխանությունը նույնքան վտանգավոր է, որքան արտաքին թշնամին, և հանրությունը դա հասկացավ: Եվ հարցումները ցույց տվեցին, որ հանրությունը կիսում է այդ գաղափարը, կիսում է և գտնում է, որ այո՛, ապստամբության միջոցով մենք կարող ենք նաև ունենալ հաջողություն»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով էլ, «այսօր Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը հոդաբաշխ ձևով կարող է ներկայացնել այս իրավիճակից, այս վարչախումբը հեռացնելու, այս համակարգը փոխելու այլ միջոց»:

«Սասնա ծռերի» ապստամբական քայլը այն ջրբաժանն էր, որը․․․Պետք է ասել, որ եթե առնվազն երկու տասնամյակ Հայաստանում ընտրական գործընթաց չկա, եթե խաղաղ ընդվզման քայլերն էլ բռնի և բիրտ միջոցներով ճզմվում են, քաղաքացուն մնում է միայն բռնության դեմ բռնությամբ հանդես գալ: Այդ ջրբաժանն էր անցյալ տարվա հուլիսի 17-ը, և այդ ջրբաժանը կա և շարունակվում է», - ասաց Ենիգոմշյանը:

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկան զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG