Մատչելիության հղումներ

Ցրտաշունչ Բավրայում գյուղացիներն աթարի մշակման հատուկ սարք են ստեղծել, «հիմա ավելի երկար է վառվում»


Բավրայում ձմռանն օգտագործվող միակ վառելիքն աթարն է
Բավրայում ձմռանն օգտագործվող միակ վառելիքն աթարն է

Սահմանամերձ Բավրայում, որտեղ ջեռուցման սեզոնը սկսվում է հոկտեմբերին ու կարող է 6 ամիս տևել, գյուղացիներն աթարի մշակման հատուկ սարք են ստեղծել։ Ասում են՝ դրա շնորհիվ աթարն ավելի լավ է ամրանում ու ավելի լավ է այրվում։ «Մարդիկ 100 տոկոս գոմաղբ են վառում, արդեն 2-3 տարի է էդ սարքը կա, մեծամասնությունն էդ սարքով են պռես անում: Ու լավ է՝ երկար է վառվում»,- ասում է բավրեցիներից մեկը:

Չգազաֆիկացված այս գյուղում ձմռանն օգտագործվող միակ վառելիքն աթարն է, որն այստեղ չորացնում են բոլոր բակերում: Նորամուծության հեղինակ Մնացական Սումբուլյանը ձեռքով մշակված աթարը համեմատում է մեքենայացված տեխնիկայով մշակվածի հետ ու ներկայացնում առավելություները․ «Սա պռես արած աթար է, լրիվ մամլում է, խտությունն ավելի բարձր է, ջերմությունն ավելի շատ է, տեղ էլ քիչ է զբաղեցնում»:

Սումբուլյանը տանը նաև հատուկ աթար այրող վառարան է տեղադրել, ստեղծել է, կարելի է ասել՝ աթարով ջեռուցման համակարգ, որով և՛ տունն է ջեռուցում, և՛ տաք ջուր է ստանում։ Գյուղի կանայք ևս ներգրավված են այս աշխատանքներում՝ աթարն են չորացնում, հավաքում և պահեստավորում: Մնացական Սումբուլյանն ասում է՝ հեռավոր այս գյուղում մարդիկ իշխանությունների կողմից անտեսված են:Հիմնականում անասնապահությամբ զբաղվող այս շրջանի բնակիչների հիմնական դժգոհությունն էլ կապված է կաթի մթերման ցածր գների հետ․ «2 լիտր կաթ են վաճառում, որ 1 լիտր հանքային ջուր գնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG