Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների նիստն ընթացել է «Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հնարավորության քննարկումների ֆոնին»

Մինսկ, 17-ը հուլիսի, 2017 թ․, պաշտոնական
Մինսկ, 17-ը հուլիսի, 2017 թ․, պաշտոնական

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր գումարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Մոսկվայի գլխավորած ռազմական այս դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների բանակցությունների առանցքում միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերն էին, մասնավորապես՝ կապված Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու հետ:

Հայաստանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները, ռուսական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, ընթանում են ԱՊՀ երկրներից Սիրիա զինստորաբաժանումներ ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումների ֆոնին: Ենթադրվում է, որ ձևավորվելիք խաղաղապահ զորքերը պետք է մոնիտորինգ անցկացնեն անվտանգության գոտիներում:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը ՀԱՊԿ արտգործնախարարների նիստից առաջ, վկայակոչելով իր աղբյուրները՝ հաղորդել էր, որ «նախարարները քննարկելու են նաև Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը», սակայն այն օրակարգային հարց չէ և քննարկվելու է կուլիսներում: «Հստակ պայմանավորվածություններ չեն լինի, քանի որ հարցը հատուկ քննարկման համար դեռ պատաստ չէ»,- «Նովոստիի» հետ զրույցում նշել է միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի ղեկավար Անդրել Կորտունովը:

Հիշեցնենք՝ այս տարի հիմնադրման 15-ամյակը տոնող ՀԱՊԿ-ում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը հրապարակայնորեն սկսեց քննարկվել դեռ անցած ամիս: Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը հայտարարել էր, թե Սիրիա խաղաղապահներ ուղարկելու նպատակով Մոսկվան բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ:

Այդ մասին հայտարարել էր նաև Թուրքիան՝ նշելով, որ ռուսական կողմն առաջարկել է խաղաղապահ առաքելության մեջ ներգրավել Ղազախստանն ու Ղրղըզստանը: Բացի այդ, անցած շաբաթ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլից հետո Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարեց՝ 2015 թվականի սեպտեմբերից սիրիական պատերազմի մեջ ներքաշված Ռուսաստանը դիմել է ԱՊՀ երկրներին՝ Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցով:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Ֆրանս Կլինցևիչն էլ կարծիք էր հայտնել, թե հենց այդ կազմակերպության անդամ երկրները կարող են առաջինն արձագանքել Ռուսաստանի առաջարկին: «Հիմնական խնդրին զուգահեռ այդ քայլը կօգներ նաև այլ խնդիր լուծել՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին անաչառ, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը»,- ընդգծել էր ռուսաստանցի սենատորը:

Պաշտոնական Երևանն անցած ամիս հայտարարեց, թե Սիրիա զինծառայողներ ուղարկելու հարց առայժմ չի քննարկում: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միևնույն ժամանակ չբացառեց այդ հնարավորությունը, նշելով․ «Կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք՝ որպես պետություն մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Այսօր Մինսկում Հայաստանի արտգործնախարարը ևս անդրադարձել է Սիրիայի հարցին: Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանը գործընկերներին է ներկայացրել Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, Հայաստանում ապաստանած սիրիացի փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին Հայաստանի կողմից հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG