Մատչելիության հղումներ

Շարմազանովի համոզմամբ, սահմանի և ՊՊԾ գնդի վրա հարձակումները «համազոր են»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Անթույլատրելի է սեփական երկրում զենքով խնդիրներ լուծելը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից մեկ տարի առաջ այս օրը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավումը։

«Իմ գնահատականը չի փոխվել՝ և՛ մեկ տարի առաջ, և՛ այսօր ես մնում եմ նույն կարծիքին, որ անթույլատրելի է սեփական երկրում զենքով խնդիրներ լուծելը, կրկնակի անթույլատրելի էր ՊՊԾ գնդի վրա հարձակումը, որովհետև, ըստ իս, թե՛ պետական սահմանի վրա հարձակումը, թե՛ ՊՊԾ գնդի վրա հարձակումն ինձ համար նույն համազորության հարց են, էլ չեմ ասում հայ սպաների և ենթասպաների սպանությունը, դա անթույլատրելի և դատապարտելի արարք է։ Այս հարցով բոլոր բանական մարդիկ զենքով խնդիրները լուծելուն դեմ են։ Ո՞վ պետք է պատասխան տա մի տարի անց երեք հայ ընտանիքներին, ովքեր որ առանց հայր, որդի, եղբայր են մնացել», - ասաց Շարմազանովը։

«Ապրելով 21-րդ դարում մենք պետք է դատապարտենք և անթույլատրելի համարենք ժողովրդավարական երկրում զենքով հարցեր լուծելու փորձը», - ասաց ԱԺ փոխնախագահը՝ շարունակելով. - «Բառացի մեջբերում եմ մեկ տարի առաջ իմ ասածը՝ «ում դուրը գա, ում դուրը չգա, ինձ համար սա ահաբեկչություն էր»։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG