Մատչելիության հղումներ

Վարշավայում բողոքի մեծ ակցիա է անցկացվել ընդդեմ դատավարական համակարգի բարեփոխումների


Հուլիսի 16-ին հազարավոր լեհաստանցիներ դուրս են եկել մայրաքաղաք Վարշավայի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով օրենսդրական փոփոխությունների դեմ, որոնք, նրանց պնդմամբ, սահմանափակում են դատավորների անկախությունը և չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Հուլիսի 14-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն, խորհրդարանը լրացուցիչ լծակներ է ստանում դատավորների նշանակման մասին: Լեհաստանի ընդդիմությունը պնդում է, որ այդպիսով խախտվում է իշխանության թևերի միջև հավասարակշռությունը: Մինչդեռ օրենսդրական փոփոփոխություններին կողմ քվեարկած խորհրդարանական մեծամասնությունը՝ «Օրենք և արդարություն» կուսակցությունը, պնդում է, որ դատավարական բարեփոխումների նպատակն է դատավորներին ավելի արդյունավետ և հաշվետու դարձնել հասարակության առաջ:

Մայրաքաղաքային իշխանությունների հաշվարկներով, բողոքի ակցիային ավելի քան 10,000 մարդ է մասնակցել, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարների թիվը չի անցել 4,500-ից:

Լեհաստանում վերջին շրջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները՝ մասնավորապես Սահմանադրական դատարանի և Գլխավոր դատախազի գործառույթների հետ կապված, հայտնվել են քննադատության թիրախում: Եվրոպական միությունը այդ փոփոխությունները հակաժողովրդավարական է կոչել և սպառնացել է դատի տալ Լեհաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG