Մատչելիության հղումներ

Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել Գյուլենի տեղաշարժը և քննել նրա շփումները


Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ
Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Պաշտոնական Անկարան հորդորում է Վաշինգտոնին սահմանափակել Միացյալ Նահանգներում ապաստանած իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի տեղաշարժն ու մանրազնին քննության ենթարկել նրա բոլոր շփումներն աշխարհի հետ:

«Վաշինգտոնը պետք է օգնի մեզ գտնել նոր վկայություններ, որոնք կապացուցեն, որ հենց նա էր կազմակերպել Թուրքիայում անցած տարի իրականացված հեղաշրջման փորձը», - «Ռոյթերզ»-ին ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը՝ հավելելով. - «Ամերիկան պետք է օգնի մեզ այս հարցում, քանի որ մենք այստեղ մեր ազգային հետախուզական կառույցները չունենք»:

Հեղաշրջման փորձից մեկ տարի անց Թուրքիայի դեսպանը չի թաքցրել՝ Անկարայում հիասթափված են այս հարցում Վաշինգտոնի որդեգրած դիրքորոշումից։

Ըստ դեսպանի, մինչ օրս Միացյալ Նահանգների իշխանությունները նույնիսկ չեն էլ ակնարկել, թե ինչ են մտադիր անել Փենսիլվանիայում բնակվող 79-ամյա Գյուլենի հետ:

Միաժամանակ Քըլըչը պնդել է, թե Դոնալդ Թրամփի վարչակազմն իր նախորդից ավելի լուրջ է մոտենում Գյուլենին արտահանձնելու պահանջին, խուսափելով, սակայն, ասվածն ապացուցող փաստեր ներկայացնել:

Ամիսներ առաջ՝ մինչ Վաշինգտոն մեկնելը, Էրդողանը խոստացել էր այս հարցը շատ կտրուկ բարձրացնել նախագահ Թրամփի հետ հանդիպմանը, և չնայած այդ խոստումներին, ըստ էության, նա ձեռնունայն էր վերադարձել հայրենիք:

Դեսպանի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները Անկարայից պահանջել են Գյուլենի մեղքն ապացուցող նոր վկայություններ՝ ավելի վաղ ուղարկված 84 արկղ փաստաթղթերից բացի:

«Հիմա մենք աշխատում ենք այս ուղղությամբ», - ասել է թուրք դեսպանը, ընդունելով, որ բավական բարդ է հստակ փաստեր գտնել Գյուլենի մասնակցության վերաբերյալ, ով նախընտրում է մենակյաց կյանք վարել արդեն շուրջ քսան տարի:

Գյուլենի մամուլի հարցերով խորհրդական Ալպ Ասլանդողանն իր հերթին մանրամասնել է՝ հոգևորական գործիչը չունի հեռախոս, չի օգտվում բջջային կապից ու ինտերնետային նամակագրությունից:

«Չեմ կարծում, թե նրա շփումները հետաքննելու պահանջը որևէ արդյունքի բերի», - ասել է Ասլանդողանը, պնդելով, որ Գյուլենի դեմ տրված ցուցմունքները կորզվել են բռնությունների միջոցով:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել թուրք դեսպանի հայտարարություններն ու Գյուլենի արտահանձնման հերթական պահանջը:

«Ռոյթերզ»-ը փաստում է՝ այս հարցում Անկարայի ակնկալիքները հօդս ցնդեցին անցած փետրվարին, երբ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական ներկայացրեց՝ ռուսների հետ իր կապերը թաքցնելու պատճառով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նախագահական ընտրություններից առաջ Ֆլինը նաև կես միլիոն դոլար էր ստացել Անկարայից՝ Թուրքիայի կառավարության շահերը ներկայացնելու համար:

«Մենք կուզենայինք, որ նա մնար իր պաշտոնում», - «Ռոյթերզ»-ի հետ զրույցում խոստովանել է Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG