Անկարայում այսօր հուշարձան են կանգնեցրել` նվիրված անցած տարվա հեղափոխության փորձի ժամանակ զոհվածների հիշատակին:
«Այս կոթողը հիշեցնելու է մեր ապագա սերունդներին մեր հերոսների մասին, որոնք իրենց հավատքով կանգնեցրին ինքնաթիռներ ու զրահամեքենաներ: Նրանք մշտապես կմնան մեր սրտերում, իսկ հեղաշրջման փորձի կազմակերպիչները կփտեն բանտերում», - բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Մեկ տարի առաջ այս օրերին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ ու սպաներ փորձեցին տապալել գործող վարչակազմը: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, բախումների արդյունքում զոհվեց առնվազն 260 մարդ:
Ապստամբության փորձը ճնշելուց հետո իշխանությունները արտակարգ դրություն հայտարարեցին՝ ազատազրկելով ավելի քան 50 հազար պետական ծառայողների, այդ թվում՝ զինվորականների, դատավորների և ուսուցիչների:
Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, թե հեղաշրջման այս փորձի հետևում կանգնած էր Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, և Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել նրան: Գյուլենը հերքում է այս մեղադրանքները՝ խոստանալով վերադառնալ հայրենիք, եթե իր մեղքն ապացուցեն: