Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այսօր ամփոփում է աշխատանքները։

Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման արարողության ժամանակ հրապարակվեցին երևանյան հեղինակավոր կինոփառատոնի հաղթող ֆիլմերի և կինոգործիչների անունները։

Միջազգային խաղարկային մրցույթում Ոսկե Ծիրան մրցանակը շնորհվեց «Ցանկալի Դուրգան» ֆիլմին, ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան), Արծաթե Ծիրանը՝ «Արաբիա» ժապավենին, ռեժիսորներ՝ Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա), Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակը՝ «Վեսթերն» կիկոնկարին, ռեժիսոր՝ Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)։

Միջազգային վավերագրական մրցույթում Ոսկե Ծիրանի արժանացավ «Ուրվականների որս»-ը, ռեժիսոր՝ Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար), Արծաթե Ծիրանի՝ «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժիսոր՝ Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան), Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին՝ «Գյուղացիներ»-ը, ռեժիսոր՝ Ցվետան Դրագնև (Բուլղարիա)։

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում խաղարկային ֆիլմերից Ոսկե Ծիրանին արժանացավ «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը, ռեժիսոր՝ Քրիս Ավետիսյան (ԱՄՆ), Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար՝ Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան (Հայաստան), վավերագրական ֆիլմերից Ոսկե Ծիրան շնորհվեց «Ձյուն կար» կինոնկարին, ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան), Ժյուրիի հատուկ հիշատակում՝ «Օրիժին», ռեժիսոր՝ Աշոտ Մկրտչյան (Հայաստան), կարճամետրաժ ֆիլմերից՝ Ոսկե Ծիրան՝ «Ջրի երեսին մնալ», ռեժիսոր՝ Էրիկ Շահինյան (ԱՄՆ)։

Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին արժանացավ «Դոնալդը լաց եղավ» ժապավենը, Fipresci ժյուրիի մրցանակին՝ «Անկաշառը», ռեժիսոր՝ Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)։

Փակման արարողության ժամանակ նաև «Ոսկե Ծիրան» փառատոնի կողմից «Վարպետ» հատուկ մրցանակ հանձնվեց ռեժիսոր Ջո Բեռլինգերին: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

Ի դեպ, միջազգային ժյուրիի անդամներից ու մրցանակակիրներից շատերը բեմում ասացին, որ պետք է պայքարել գրաքննության դեմ՝ հույս հայտնելով, որ բոլոր գրաքննված ֆիլմերը հաջորդ փառատոնին ցույց կտան։

Հիշեցնենք, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը Երևանում մեկնարկեց հուլիսի 11-ին, մասնակցության համար 96 երկրից ստացված 1100 հայտերից ընտրվել էր 47 ֆիլմ, որոնք ցուցադրվեցին վերոհիշյալ երեք մրցութային ծրագրերում:

Փառատոնին ներկայացված ֆիլմերի ցուցադրության հետ կապված սկանդալ էր ծագել՝ կապված ԼԳԲՏ համայնքի՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքի մասին պատմող երկու ֆիլմերը ծրագրից հանելու հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG