Մատչելիության հղումներ

Պաշտպանները հետապնդում են համարում «Սասնա ծռեր»-ի տեսակցությունների արգելքը


«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստերից մեկը, հուլիս, 2017թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության 32 մեղադրյալների մեծ մասի համար դեռ գործող տեսակցությունների արգելքը պաշտպանները անմարդկային վերաբերմունք և հետապնդում են համարում:

Ըստ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի՝ դատարանը վերացրել է տեսակցությունների արգելքը միայն մի քանի մեղադրյալների նկատմամբ, ում պաշտպանները հասցրել են մինչև դատաքննության մեկնարկը միջնորդություն ներկայացնել: Սակայն, նշեց Գյուրջյանը, տեսակցությունների արգելքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը մասնավոր չէ, չի վերաբերում կոնկրետ մեղադրյալի, ընդհանուր է, ուստի այն պետք է գործեր բոլոր դեպքերում, մինչդեռ մոտ երկու տասնյակ մեղադրյալներ մինչ օրս զրկված են իրենց մերձավոր հարազատների հետ տեսակցելու կամ նրանց զանգահարելու հնարավորությունից։ Սա, փաստաբանի համոզմամբ, հետապնդում է։

«Դատարանը, բավարարելով էս բոլոր միջնորդությունները, որոնք ներկայացված են, ընդունում է, որ իսկապես անհիմն է էս սահմանափակումը, և հարց է առաջանում՝ բա եթե անհիմն է, մնացածի մասով ինչի՞ չեք նախաձեռնում բացել: Որտե՞ղ է, ո՞ր Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածն է նշում, որ պարտադիր դրա համար միջնորդություն է անհրաժեշտ, և պարտադիր մինչև դատաքննության որոշումը կայացումը պետք է դա լինի՝ այդպիսի բան չկա: Հետևապես՝ սա լուրջ խնդիր է, և մարդիկ կոնկրետ դրանից շատ են տուժում: Միանշանակ՝ սա պատժամիջոց էր՝ կիրառված ի սկզբանե նախաքննության մարմնի կողմից», - ասաց Դավիթ Գյուրջյանը:

Ըստ նրա՝ դատարանը վերացրել է իր պաշտպանյալներից Հակոբյանի և Գերավետյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը, այն էլ՝ միայն հարազատների մասով, իսկ Եղիազարյանի մասով միջնորդությունը դատարանին ներկայացնելու հնարավորություն չի ստեղծվում: Ավելին, ըստ փաստաբանի, դատարանը շահարկում է իր միջնորդությունը Եղիազարյանին լռեցնելու համար․ - «Օրինակ, նախորդ նիստերից մեկի ժամանակ Գագիկ Եղիազարյանի հայտարարությունը դատավորը ընդհատում էր, ասում էր՝ «մենք միջնորդություն ունենք Ձեր պաշտպանների կողմից ներկայացված՝ թողեք քննարկենք»: Սա, իհարկե, հնարավոր է դիտել և մենք դիտում ենք էն տեսանկյունից, որ սահմանափակում են հայտարարություն անելու իրավունքը՝ շահարկելով, թե «քո միջնորդությունը պետք է քննենք, սուս մնա, որ քննենք», այսինքն՝ «եթե սուս չմնաս, չենք քննելու»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հասցրել է մինչև դատաքննության մեկնարկը իր չորս պաշտպանյալների տեսակցությունների արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, որը դատարանը բավարարել է մասնակի՝ միայն մերձավոր հարազատների մասով: Պապիկյանը ևս տեսակցությունների արգելքը պահպանելը անմարդկային վերաբերմունքի ձև է համարում, պնդելով՝ դատավորի պատճառաբանությունը, թե մյուս մեղադրյալների մասով միջնորդություն չի ստացվել, ընդունելի չէ:

«Հիմնական մասը դեռևս արգելքի տակ են գտնվում, այստեղ էլ այլ խնդիր կա․ երբ դատարանը մինչև դատական քննություն նշանակելու մասին որոշում էր կայացնում, անդրադարձել է այդ հարցին, այսինքն՝ մեր՝ մի քանի պաշտպաններիս միջնորդություններին, ապա նույն փաստական հանգամանքներում, նույն իրավիճակում անձանց մի մասի նկատմամբ այդ արգելքը մասնակի վերացրել է, մյուսներինը՝ ոչ», - ընդգծեց Պապիկյանը՝ շարունակելով․ - «Ընդ որում, դատարանը պիտի պատճառաբանի՝ ինչո՞ւ մյուսներինը՝ ոչ, այս անձանցը՝ այո, և առերևույթ այն պատճառաբանությունը, թե պաշտպաններն են միջնորդել, դա հիմք չէ․ պաշտպանը միջնորդել է՝ դատարանը շատ հեշտությամբ կարող էր մերժել, եթե դատարանը դա չի մերժում, հետևաբար՝ նույնանման մոտեցում պիտի ցուցաբերի նաև մյուս անձանց»:

«Սա ցույց է տալիս, որ դատարանը մեխանիկորեն կատարում է աշխատանք, սակայն արդարադատություն չի իրականացրել», - եզրակացրեց Արայիկ Պապիկյանը:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում, որոնց հիմնական մասը մեղադրվում է Էրեբունիում գտնվող ոստիկանական տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Մյուսները մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ:

Դատավարության փուլ է հասել նրանցից 32-ի գործը, որոնցից 30-ը մեղադրվում են ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով քրեական գործից 14 և 18 մեղադրյալների մասերով անջատված գործերով երկու առանձին դատավարություն է ընթանում, թեև դատավորը նույնն է: Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ գործը բաժանվել է այն պատճառաբանությամբ, որ ծավալը մեծ է, սակայն բաժանումը, ըստ փաստաբանի, խոչընդոտում է պաշտպանություն իրականացմանը:

«Նրանք, կոպիտ ասած, ընդհանրապես չի հետաքրքրում իրենց, թքած ունեն արդար դատաքննության իրավունքի վրա, որը նաև ենթադրում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, որը գործերի տարանջատված լինելու պայմաններում պարզապես անհնարին է իրականացնել», - շեշտեց Գյուրջյանը՝ բերելով հետևյալ օրինակը․ - «Ասենք՝ մի դատավարության ժամանակ նույն վկան մի ցուցմունք է տալիս, մյուս դատավարության ժամանակ կամ էդ վկան չի կանչվում, կամ գալիս է՝ էդ ցուցմունքը չի տալիս, դու չես կարող հղում կատարես նրան, առավել ևս, եթե դու երկու վարույթով մասնակցող չես որպես պաշտպան: Ու էն վարույթում իր տված ցուցմունքը էլ չես կարող էստեղ օգտագործես, այնինչ կարող է էստեղ շատ էական նշանակություն ունենա»:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG