Մատչելիության հղումներ

Հաղթանակ Շահումյան․ «Եթե իր մեծերի պահվածքը օրինակելի լինի, մեր ժողովուրդը շատ հեշտությամբ կապաքինվի»


Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյան, արխիվ

Հուլիսյան այս օրերին հատկապես մայրաքաղաք Երևանում մշակութային աշխուժություն է տիրում․ բացվում են ցուցահանդեսներ, տեղի են ունենում երաժշտական ու կինոփառատոներ: Մարզերում էլ այս կամ այն չափով բնակիչները հնարավորություն ունեն ցանկության դեպքում մշակութային կյանքով ապրել՝ շնորհիվ մշակույթի նախարարության այս տարեսկզբից նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրի, որի շրջանակում մայրաքաղաքային, նաև այլ քաղաքների թատերախմբերը, նվագախմբեր, երգչախմբեր և այլն, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս տարբեր բնակավայրերում՝ այսպիսով մարզերի բնակիչներին ներկայացնելով իրենց ստեղծագործական գործունեության լավագույն նմուշները:

Մարզերում նաև նոր ցուցահանդեսներ են բացվում այս ծրագրի շրջանակում: Օրինակ, մի քանի օր հետո՝ հուլիսի 18-ից նոր ցուցադրություններ կբացվեն Դիլիջանում և Իջևանում, որտեղ կներկայացվեն Հայաստանի Ազգային պատկերասրահի ցուցանմուշները: Այս անգամ կներկայացվեն մեր անվանի գեղանկարիչներից 15-ի աշխատանքները՝ «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրի ներքո:

Այն, ինչ նախաձեռնում են մեր արվեստագետները, մշակույթի նախարարությունը, մշակութային տարբեր հաստատություններ, իհարկե, միայն դրական ազդեցություն կարող է ունենալ հասարակության գեղագիտական զարգացման համար, բայց նաև գաղտնիք չէ, որ մեր հանրության մեծ մասը տեղի ունեցող մշակութային իրադարձություններին բոլորովին անհաղորդ է, հանրության մի փոքր հատվածն է միայն ապրում մշակութային կյանքով:

«Էսօր մեր ժողովուրդը տասնյակ հազարներով գնում են ռաբիս կամ, չգիտես, անճաշակ մի երևույթի մասնակից են դառնում, բայց դա չի նշանակում, որ ․․․ Ինչո՞ւ 70-80-ական թվերին էդպիսի բան չկար Հայաստանում: Չէ՞ որ էս վերջին 15-20 տարում մենք կարծես թե ոչնչացրեցինք էն մշակութային հարստությունը, որ կար մեր երկրում», - ասում է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Նկարչի խոսքով ՝ շատ մեծ է անգամ տարբերությունը ուսանողության մեջ, եթե համեմատելու լինենք․ - «Ուսանողները էնքան լավ արդեն կողմնորոշվում էին արվեստում՝ դա լիներ կերպարվեստ, երաժշտություն, թատրոն, և այլն․․․ Էսօր էդ միջավայրը մենք խաթարել ենք, գցել ենք էն տեղը, որտեղ մերժելի է մեր ժողովրդի համար և մշակույթի համար, և ծիծաղելի վիճակում ենք հայտնվել»:

Գեղանկարիչը համոզված է նաև, որ մեր մարդկային ռեսուրսը եթե ճիշտ օգտագործեինք, երբեք ներկայումս այս վիճակում չէինք հայտնվի․ - «Մեր իրականությունը էդքան բարդ իրականություն չի, փոքր երկիր ենք և հրաշալի մասնագետներ ունեինք, որոնք կարող էին մեր իրականությանը համապատասխան միջավայր ստեղծել: Էդ բոլոր նյութական խնդիրները որ կան՝ նաև մեր տնտեսության զարգացման հետ է չէ՞ կապված»:

Հաղթանակ Շահումյանի համոզմամբ, ամեն ինչ սկսվում է և կախված է միմիայն կրթական համակարգից՝ սկսած նախակրթարանից՝ մանկապարտեզից, որտեղից էլ պետք է քայլ առ քայլ ձևավորել վաղվա քաղաքացուն: Կրթական համակարգը, նշում է նա, առնվազն չորս անգամ բարեփոխվել է, բայց իրականում ոչինչ չի փոխվել․ - «Չորս անգամ փոխեցին, չորս անգամ բարեփոխումներ, բարեփոխում բառն էլ հրաշալի ասում են․․․ քանդեցին ամբողջ համակարգը»:

«Մենք չկարողացանք էդ անցումը, երբ որ պետական հոգածությունը փոխվեց նյութականի, չկարողացանք նորմալ անել, դառավ վայրենի առևտուր, բազար է դառել մեր երկրում ամեն հարաբերություններ: Եթե էսպես շարունակվի՝ ես էդքան էլ լավատեսորեն չեմ նայում: Որովհետև երբ մենք ունեցանք Ղարաբաղյան շարժման էդ ոգևորությունը անկախության, ես էդ ժամանակները որ համեմատում եմ մեր էսօրվա անտարբերությանը՝ մեր բոլորիս անտարբերությանը մեր երկրի ճակատագրին, <...> ես լավ բան չեմ տեսնում», - ասում է գեղանկարիչը՝ շեշտելով․ - «Մեր ժողովրդի ամենամեծ կորուստը մարդկանց բացակայությունն է, մարդկանց գնալն է երկրից: Ամեն ինչ կարելի է ստեղծել՝ և՛ նյութականը, և՛ արվեստը, մարդիկ պետք է լինեն, սիրեն, կպնեն, հոգով մնան երկրի հետ: Էդ միջավայրը մենք ոչնչացրեցինք: Ղարաբաղյան շարժման օրերին որևիցե մեկի մտքով չէր անցնի Հայաստանը լքել»:

Դե իսկ եթե հասարակությունը կրթված չէ ի սկզբանե, գոնե մշակույթի ու արվեստի ոլորտի զարգացում դժվար է կանխատեսել, հանրության մեծ մասի համար արվեստն ու մշակույթը պարզապես պահանջված չեն լինի:

«Ժողովուրդը, մանավանդ մեր ժողովուրդը սիրում է իր մեծերին և խոնարհ է մեծերի առաջ՝ դա լինի եկեղեցի, դա լինի մտավորական, դա լինի կառավարիչ երկրի, և էդ բոլորի պահվածքից, բոլորի էությունից կախված է ժողովրդի նաև պահվածքն ու սերը երկրի նկատմամբ․ եթե լինի էնպիսին, որ օրինակելի լինի, մեր ժողովուրդը շատ հեշտությամբ կապաքինվի, և էդ խնդիրները, որ էսօր մենք ունենք, դրանք լուծելի են», - ընդգծում է Հաղթանակ Շահումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG