Մատչելիության հղումներ

Բավրայում հնդկացորենի վերամշակման արտադրամաս բացվեց


Հայ - վրացական սահմանին գտնվող Բավրայում այսօր պաշտոնապես բացվեց հնդկացորենի վերամշակման արտադրամասը:

Եվրամիության ու Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ Հայաստանի 7 մարզերում 3.4 մլն ևրոյի ներդրում է իրականցվել հնդկացորենի ցանքատարածությունների մշակման ու 2 վերամշակող արտադրամասերի բացման համար: Բավրայի արտադրամասի շենքի կառուցմանը արգենտինահայ բարերարներն էին օժանդակել, ովքեր այսօր եկել էին սեփական աչքերով տեսնելու, թե ինչպես են ծախսվել իրենց ներդրումները:

Բավրայի արտադրամասի բացումը ավելի մեծ ծրագրի մաս է կազմում, որի շրջանակում ընդամենը 6 ամիս առաջ նմանատիպ գործարան էր շահագործվել նաև Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: «Ազատությունը» օրեր առաջ հետաքրքրվել և պարզել էր, որ Ծովագյուղի գործարանը չի աշխատում, իսկ համայնքներում էլ հնդկացորեն ցանած գյուղացիները դժգոհում են, որ բերքը չի վերամշակվել, մնացել ու փչացել է: «Ազատությունը» փորձեց Բավրայի գործարանի բացմանը մասնակցող դոնոր կազմակերպություններից և կառավարության ներկայացուցչից պարզել՝ արդյո՞ք Բավրայի արտադրամասը ևս չի արժանանա նույն ճակատագրին:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը վստահեցրեց․ - «Առաջինը իրենք իրենց պետք է վերահսկեն, որպեսզի կարողանան արտադրանք բերեն: Ինչպե՞ս կարելի է փոշիացնել այս հարստությունը, որը, փաստորեն, իրենցն է»:

Ծրագրի մյուս իրականացնող ENPARD կազմակերպության համակարգող Սերգեյ Մաթևոսյանը հավելեց․ - «Վերահսկողություն ունենք, բայց մենք այնպիսի մեխանիզմ ենք ստեղծել, որ կոնկրետ գործարանատերերը բոլորը այդ կոոպերատիվների անդամներ են, իրենք պետք է աչալուրջ լինեն»:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը հասցրել է արդեն հայկական արտադրության հնդկաձավարը փորձել, ասաց՝ վատ չի ստացվել: Հնդկացորենի վերամշակման վերջնական տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է: Փոխնախարարն ասում է՝ հնդկացորենը Հայաստանի համար նոր մշակաբույս է և բնականաբար փորձարկումներ են անհրաժեշտ, որպեսզի մշակման տեխնոլոգիան լիարժեք յուրացնեն: Ինչ վերաբերում է Ծովագյուղի արտադրամասի խնդրին, Արմեն Հարությունյանը, մասնավորապես, ասաց․ - «Ճիշտն ասած՝ երբ ես այցելել եմ, միշտ աշխատել է»:

Փոխնախարարը խոստացավ հաջորդ շաբաթ հնդկացորեն արտադրողների ու վերամշակողների հետ հանդիպել ու քննարկել խնդիրները:

Պաշտոնական տվյալներով, տարեկան Հայաստան է ներմուծվում մոտ 8,000 տոննա հնդկաձավար: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուի խոսքով՝ ժամանակի ընթացքում շուկայում կհայտնվի նաև տեղական արտադրության հնդկաձավար՝ կրճատելով ներկրման ծավալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG