Մատչելիության հղումներ

Դավիթ Եղիազարյան․ Դա բերման ենթարկել չէր, դա առևանգում էր


«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը պնդում է, որ հունիսի 28-ին զինված խմբի գործով դատական հերթական նիստի մեկնարկին դատարանի բակում որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն չի գործադրել, ավելին՝ իրենց այնտեղից ոչ թե բերման են ենթարկել, այլ առևանգել:

Նշենք, որ Քննչական կոմիտեն այդ օրը տեղի ունեցած միջադեպի փաստով 11 օր անց քրեական գործ է հարուցել՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու», ինչպես նաև «պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու» հատկանիշներով:

«Դա բերման ենթարկել չէր, դա առևանգում էր, որովհետև ինձ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հրահանգեց հետևել իրեն: Եվ ես, իմանալով, որ այդ պահանջը չկատարելու դեպքում իմ նկատմամբ վարչական գործ կհարուցվի, հետևեցի նրան: Նույնիսկ չհասցրի ավելի ճիշտ հետևել իրեն․ հենց անմիջապես քայլս առաջ դնելու հետ այդտեղ հասավ կարմիրբերետավորների մի խումբ, ու իրենց եղավ հրաման՝ տարե՛ք սրան: Դրանից հետ իմ նկատմամբ բռնություն գործադրելով, ինձ հարվածելովվիրավորելով, գլուխս համարյա մինչև գետին իջեցրած․․․ ինձ այնուհետև ձեռնաշղթաներ հագցրին մեքենա նստեցնելիս, որի իրավունքը նույնպես չունեին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Եղիազարյանը:

Ըստ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ Դավիթ Եղիազարյանին բերման էին ենթարկելոստիկանին հարվածելու համար։ Այդ օրը դատարանի շենքի մոտ միջադեպ տեղի էր ունեցել նաև դատարանի նիստերի դահլիճ մուտք գործելու թույլտվություն չստացած փաստաբան Լուսինե Սահակյանի և ոստիկանության կարմիրբերետավորների միջև։ Սահակյանը, մասնավորապես, փորձել էր մոտենալ բերման ենթարկվող քաղաքացուն, ոստիկանները թույլ չէին տվել:

Միջադեպի առնչությամբ Դավիթ Եղիազարյանն ասաց․ - «Նկարագրված է մի տեսարան, որ ինչ-որ անհայտ անձ շիշ է նետել ոստիկանների վրա: Այնուհետև ես կյանքի և առողջության համար ոչ-վտանգավոր բռնություն եմ գործադրել ՊՊԾ գնդի հրամանատարի վրա: Սակայն նախ նման դեպք չի եղել, որ ինչ-որ մեկը շիշ նետի իր ներկայությամբ: Բացի այդ, ես տվյալ անձի նկատմամբ և ընդհանրապես ոչ մեկի նկատմամբ բռնություն չեմ կիրառել: Ասեմ ավելին․ տվյալ անձը՝ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը ինքն է փորձել իմ նկատմամբ բռնություն կիրառել, այն է՝ հարվածել է, բայց կպել այդ հարվածը»:

Եղիազարյանի պնդմամբ՝ ոստիկանությունը հետապնդում է իրեն, ինչպես անցած տարի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։ Պատճառը, ըստ երիտասարդի, իր և եղբոր քաղաքական դիրքորոշումներն են․ - «Դա ունեցել է նախապատմություն: Ինձ Վալերի Օսիպյանը դեռ նախորդած դատական նիստերում, երբ նույնպես մեզ ներս չէին թողել և այնտեղ նույնպես ոստիկանական բռնաճնշումների էինք ենթարկվել, Օսիպյանը ինձ ասել էր, որ ինձ բերման կենթարկի ու կարգի կհրավիրի: Այսինքն, դա որպես զգուշացում կամ սպառնալիք կարող եմ ես ընդունել»:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը, ով պատրաստվում է պաշտպանել Դավիթ Եղիազարյանին, հարուցված քրեական գործը շինծու է որակում․ - «Փաստացի բռնության դեպք չի եղել հատկապես մեր վստահորդի կողմից, և կարծում ենք, որ դա ակնհայտ շինծու գործ է: Ընդ որում, նաև հաշվի առնելով այն փաստական հանգամանքները, որ Եղիազարյան Դավիթը բերման է ենթարկվել և վարչական վարույթի նյութեր են նախապատրաստվել, այսինքն վարչական իրավախախտման կասկածանքով է ինքը բերման ենթարկվել, հետագայում այդ նյութերը ոչնչացվել են, նոր նյութեր են նախապատրաստվել արդեն քրեական հանցագործության կասկածանքով»:

Գյուրջյանի խոսքով՝ Եղիազարյանի կարգավիճակի մասին իրենք դեռ չեն ծանուցվել։

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը Քննչական կոմիտեից իրենց է փոխանցվել, նախաքննությունը շարունակվում է։ Իսկ թե կան արդյոք կասկածյալներ և տուժողներ, առայժմ չեն հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG