Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ն և Ֆրանսիան եղել և մնում են սերտ դաշնակիցներ»,- հայտարարում են երկու առաջնորդները


Էմանյուել Մակրոնը սեղմում է Դոնալդ Թրամփի ձեռքը Բաստիլի գրավմանը նվիրված ռազմական շքերթի ժամանակ, Փարիզ, 14-ը հուլիսի, 2017 թ․

Չնայած մի շարք հարցերում առկա տարաձայնություններին, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մնում են սերտ դաշնակիցներ: Այսօր նման հայտարարությամբ են հանդես եկել երկու երկրների առաջնորդները՝ փարիզյան երկօրյա հանդիպումների ավարտին:

«Ֆրանսիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններն ամուր են առավել, քան երբևէ»,- «Թվիթերում» գրել է Դոնալդ Թրամփը: «Մեր երկրներին երբեք ոչինչ չի կարող բաժանել»,- իր հերթին հայտարարել է Էմանյուել Մակրոնը, երբ ամերիկացի գործընկերոջ հետ մասնակցում էր Ֆրանսիայի ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված ռազմական շքերթին:

Արձանագրելով երկուստեք հնչող գովեստի խոսքերն ու ջերմ հաճոյախոսությունները՝ վերլուծաբանները պնդում են՝ ամիսներ առաջ Ելիսեյան պալատի ղեկավարը դարձած Էմանյուել Մակրոնը փորձում է ընդարձակել Ֆրանսիայի դերը միջազգային ասպարեզում՝ գործի դնելով Փարիզի պատմական կապերը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ:

«Մենք բազմաթիվ տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ, սակայն ներկա իրադրությունը, հատկապես Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը ցույց է տալիս, որ մեզ անհրաժեշտ է աշխատել միասին, տեղեկություններ փոխանակել, խոսել անհամաձայնությունների մասին՝ փորձելով գտնել լուծումներ: Սա է իմ մոտեցումը Ռուսաստանի հանդեպ: Անշուտ՝ մենք նրանց հետ չունենք այն ջերմ հարաբերությունները, ինչպիսիք ունենք Միացյալ Նահանգների հետ: Այդուամենայնիվ, կարծում եմ՝ կարևոր է, որ թե՛ ես, թե՛ նախագահ Թրամփը շարունակենք քննարկումներն ու շփումները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ»,- նաև ասել է Ֆրանսիայի նախագահը:

Երեկ երեկոյան տեղի ունեցած համատեղ ասուլիսում Թրամփը և Մակրոնը հայտարարեցին՝ պատրաստ են համագործակցել Սիրիայում իրավիճակը կարգավորելու, Իրաքում «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակն ամրապնդելու հարցում: Մակրոնի հետ առանձնազրույցից հետո Սպիտակ տան ղեկավարն անգամ չբացառեց, որ կարող է վերանայել կլիմայի փոփոխության դեմ պայքարող փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ ավելի վաղ կայացրած իր որոշումը:

Խոսելով իր որդու և ռուս փաստաբանի միջև ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած հանդիպման մասին, Թրամփը հայտարարել է՝ իր որդին «ազնիվ երիտասարդ է», ևս մեկ անգամ ընգծելով՝ լրատվամիջոցներն անտեղի կարևորություն են տվել «այդ կարճ ու իմաստազուրկ» հանդիպմանը:

«Իմ տղան հիանալի երիտասարդ է: Նա հանդիպել է ռուսաստանցի իրավաբանի հետ, ոչ թե Ռուսաստանի կառավարության: Դա կարճ հանդիպում է եղել, որը շատ արագ էլ ավարտվել է: Գործնական տեսանկյունից, կարծում եմ, մարդկանց մեծ մասը կհամաձայներ մասնակցել այդպիսի հանդիպման: Դա կոչվում է հակառակ կողմի տեսակետների, կամ հենց հակառակորդի ուսումնասիրություն: Ես ընդամենը երկու տարի եմ քաղաքականության մեջ, սակայն շատերն են այս ընթացքում դիմել ինձ, ասելով, թե փաստեր ունեն այս կամ այն մարդու, ավելի անկեղծ՝ հենց Հիլարի Քլինթոնի վերաբերյալ: Դա շատ սովորական բան է քաղաքականության մեջ»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Արդեն մի քանի օր է՝ ամերիկյան լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Թրամփի որդու հանդիպումն ու նամակագրությունը ռուսաստանցի փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ, ով, ըստ հաղորդումների, Թրամփի նախընտրական շտաբին խոստացել է վարկաբեկող տեղեկություններ փոխանցել մրցակից թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի մասին: Թրամփի որդին պնդում է, թե ռուս փաստաբանի հետ հանդիպումը բովանդակությունից զուրկ ու անարդյունավետ է եղել:

Էմանյուել Մակրոնն, ի դեպ, այս թեմայով երեկ տրված հարցին ի պատասխան, հայտարարել է՝ Ֆրանսիան չի միջամտում ԱՄՆ-ի ներքին գործերին՝ հենց տեղում արժանանալով Թրամփի դրվատանքին: «Դա շատ ճիշտ մոտեցում է»,- արձագանքել է Սպիտակ տան ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG