Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայկական բանակի հագեցվածությունն այսօր բավարար է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է «հիմնականում 80-ականների զենքով» կռվելու մասին ավելի քան մեկ տարի առաջ Գերմանիայում արած իր հայտարարությունը, նշելով, որ «աշխարհում չկա մի բանակ, որ ունի ամենաժամանակակից զինատեսակները»:

«Հայկական բանակի հագեցվածությունն այսօր բավարար է», Դիլիջանում հայտարարել է Սարգսյանը շարունակելով․ - «Որևէ կասկած չկա, որ մեր բանակն օր-օրի ուժեղանում է, ձեռք են բերվում նոր զինատեսակներ»:

Հիշեցնելով Գերմանիայում հնչեցրած իր հայտարարությունը, նախագահը նշել է, որ նախ՝ իր այդ հայտարարության «կոնտեքստն էր մի փոքր այլ» ու հավելել․ - «Աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու»:

Շարունակելով՝ Սարգսյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: - «Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները», - հավելել է նա:

Նախագահի պնդմամբ՝ բոլոր այն պատերազմներում ու ճակատամարտերում որտեղ հայկական կողմը հաջողության է հասել, դա առաջին հերթին հնարավոր է եղել մարդկային գործոնի շնորհիվ, բայց միայն քաջությամբ մարտական խնդիր չի լուծվի․ - «Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ, իր բերանից կտրելով, հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը»:

Երեկ ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ շուրջ 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն մատակարարելու պայմանագիրն արդեն իրականացվել է 90 տոկոսով, ընդգծելով, թե «նաև այդ զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել անցած տարվա ապրիլյան պատերազմում»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմամթերքի նոր մատակարարումից հետո Հայաստանի նախագահի կողմից «80 ականների» զենքի մասին պարզաբանումը հենց Ռուսաստանին է ուղղված:

«Եվ հետո նաև մի քանի այլ դրվագներով ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը խաբված էր իրեն զգում այս պահվածքից․ ապրիլի 22-ին նա Լավրովին Երևանում հարցնում էր՝ բացատրեք, խնդրեմ, թե ինչու այսպես եղավ: Այս մի քանի առիթները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը կա՛մ խաբվածության զգացում ունի, կա՛մ շատ լավ գիտեր, որ Ռուսաստանը պարզապես ասում է և շատ լավ գիտեր, որ այդ հարձակումը տեղի է ունենալու և հիմա պարզապես հիշեցնում է Ռուսաստանին այդ մասին», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Բադալյանը:

Տավուշի մարզի սահմանային դիրքեր այցից հետո նախագահ Սարգսյանը երեկ Դիլիջանում մասնակցել է բանակում վիճակն ուսումնասիրելուն ուղղված «Դիտակետ», ուսանողներին վճարովի սպայական ծառայություն առաջարկող «Պատիվ ունեմ» և առաջնագծում հատուկ պայմաններով ժամկետային զինծառայություն նախատեսող «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Նախագահը վստահություն է հայտնել, որ այս ծրագրերով առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու:

Երեկ Պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում կազմակերպված քննարկմանը ներկա են եղել ինչպես նախարարներ ու զինվորականներ, այնպես էլ բուհերի ուսանողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG