Մատչելիության հղումներ

Շիրխանյանի գործով հանրային պաշտպան կներգրավեն, փաստաբան Ալումյանը դա «անօրինական» է որակում


Վահան Շիրխանյան, արխիվ

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարության այսօրվա նիստն ընդմիջվեց՝ գլխավոր մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը ներկայացնելու համար հանրային պաշտպան ներգրավելու նպատակով:

Հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ մեղադրվող Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալին՝ պնդելով, որ նրան դահլիճից 3 ժամով հեռացնելու սանկցիայի ժամկետը լրացել է:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հակադարձեց, թե չի լրացել: Ալումյանը շարունակեց՝ իր պաշտպանյալը ցանկանում է հայտարարություն անել, ու քանի դեռ նրան դատարանի դահլիճ չեն բերել, ապա ինքը նիստին չի մասնակցի: Այս հայտարարությունից հետո Ալումյանը լքեց նիստերի դահլիճը, դատավորն էլ նրան հանրային պաշտպանով փոխարինելու որոշում կայացրեց:

Դահլիճից հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ դա նախադեպային հայտարարություն էր, ինքը այն նկատի կունենա և կփորձի այուհետ լայնորեն կիրառել: Ըստ փաստաբանի՝ քրեական դատավարության մասին օրենքի 173 հոդվածում չի ասվում, որ դահլիճից հեռացնելու սանկցիան հաշվարկվում է միայն նիստերի ժամերով: «Դատավորը նախ խախտել է իր իսկ որոշումը, հետո էլ ամեն անգամ մի պատրվակով նիստերի ձգձգումը փորձում է բարդել պաշտպանական կողմի վրա»,- ասաց Ալումյանը, հավելելով՝ դատարանն իրավունք չունի առանց Շիրխանյանի համաձայնության հանրային պաշտպան ներգրավել:

Այս գործով անցնող՝ բռնությամբ իշխանություն զավթելու և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 20 անձանցից մեկի՝ 2-րդ խմբի հաշմանդամ 64-ամյա Էդուարդ Ներսիսյանի փաստաբան Կարինե Պողոսյանն ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ անցած տարվա նոյեմբերից առ այսօր դատարանը ոչ մի միջնորդություն չի քննարկել: Նաև նշեց, թե դատավորը նիստերը վերածում է «շոուի», դրանք սկսելով գործի՝ Շիրխանյանին վերաբերող մասով ու անընդմեջ հետաձգելով:

Պողոսյանի խոսքով, այդ պատճառով ինքը չի հասցնում ուղեղի կաթված տարած, հեպատիտ C-ով հիվանդ իր վստահորդի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներակայացնել: Կարինե Պողոսյանը կարծում է, որ Շիրխանյանի գործը պետք է առանձնացնել:

Թեև դատավորը փաստաբան Հայկ Ալումյանին ասել էր, որ նիստերի դահլիճը լքելը վերջինիս իրավունքն է, 2 ժամ տևած ընդմիջումից հետո մեղադրող դատախազներից մեկը հայտարարեց, թե Ալումյանն այդպիսով անհարգալից վարք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ միջնորդելով փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել և պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ: Մյուս մեղադրյալների փաստաբաններն առարկեցին՝ պահաջելով ընդունել իրենց միջնորդությունը և դատարանի դահլիճ վերադարձնել Շիրխանյանին ու այդ պահին դատարանի շենքում գտնվող նրա փաստաբանին:

Դատավոր Բեկթաշյանը թեև փաստաբաններին պատասխանեց, թե Ալումյանի ու Շիրխանյանի բացակայությամբ նրանց վերաբերյալ միջնորդությունը չի կարող քննարկվել, այդուհանդերձ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ալումյանի բացակայությամբ նրա նկատմամբ սանկցիա կիրառելու՝ դատախազի միջնորդությունը քննարկելու համար:

Նշենք, որ ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամների, այնպես էլ այս գործով մեղադրյալներին դատարանի դահլիճ բերողների շարքում է նաև ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար՝ փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: Վերջինս, ըստ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների փաստաբանների, դատարանի նկուղում ծեծի է ենթարկել մեղադրյալներից մի քանիսին: Բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված այդ գործը ներկայումս քննվում է ՀՔԾ-ում:

2015 թվականի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Նորք-Մարաշի զինված խմբի 9 անդամների, այդ թվում՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավով ազատ արձակելու միջոցը: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG