Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Եվրամիությունը վատնում է Թուրքիայի ժամանակը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Եվրամիությունը վատնում է Թուրքիայի ժամանակը»․ - BBC-ի Hardtalk հաղորդաշարին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնում Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հարցազրույցի ամբողջական տարբերակը BBC-ն եթեր կհեռարձակի մի քանի ժամից: Մինչ այդ, բրիտանական հեռուստաընկերությունը ցուցադրել է Էրդողանի հետ մոտ կես ժամ տևած զրույցի միայն այն հատվածը, որտեղ Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության է ենթարկում Եվրամիության ղեկավարներին:

«Մենք հավատարիմ ենք նախկինում տրված խոստմանը: Եթե Եվրամիությունը կտրուկ կերպով հայտարարի, որ չի կարող Թուրքիային միության կազմ ընդունել, մեզ դա ձեռնտու կլինի: Մենք Եվրամիության անդամակցությանը փոխարինող այլընտրանքային ծրագրեր ունենք», - հայտարարում է Էրդողանը` պնդելով, թե եվրոպական ինտեգրումն այն միակ ուղին չէ, որով կարող է զարգանալ Թուրքիան:

«Եվրամիությունը անփոխարինելի մի բան չէ: Թուրքիան ի վիճակի է ինքնուրույնաբար կանգուն մնալ: Պետք չէ մոռանալ, որ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը Թուրքիայում հասել է 11 հազար ամերիկյան դոլարի: Մենք շատ հանգիստ ենք», - BBC-ի թղթակից Զեյնաբ Բադավիին ասում է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ վերջին տարիներին փոխվել է թե՛ Եվրամիության վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ և թե՛ շարքային թուրքերի վերաբերմունքը Եվրոպական միության նկատմամբ:

«Վարչապետի պաշտոնում իմ առաջին ժամկետի ընթացքում Եվրամիությունը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները բնութագրում էր որպես «լռակյաց հեղափոխություն»: Այսօր, սակայն, մեզ նույնիսկ չեն հրավիրում Եվրամիության գագաթնաժողովներին: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի բնակչության մեծամասնությունն այլևս չի ցանկանում, որպեսզի մեր երկիրն անդամակցի Եվրամիությանը: Թուրքերի մեծամասնության համոզմամբ՝ Եվրամիությունը մեր երկրի հանդեպ անկեղծ մոտեցում չի ցուցաբերում: Ամեն դեպքում, մենք մի փոքր էլ կսպասենք, կշարունակենք անկեղծ մոտեցում ցուցաբերել Եվրամիության հանդեպ` տեսնելով, թե ի վերջո ինչ արդյունքի ենք հանգելու», - նշում է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG