Մատչելիության հղումներ

«Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին


Արդեն մի քանի տարի է, ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եղիցի լույս» մրցանակն է սահմանել «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած զգալի ավանդի և համամարդկային արժեքների տարածման համար։

Այս մրցանակն արդեն իսկ հանձնվել է այնպիսի կինոգործիչների, ինչպիսիք են Ալեքսանդր Սոկուրովը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբեր Գետիկյանը, Ռոման Բալայանը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց մեր լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանին՝ կինոարվեստին մատուցած ծառայությունների համար:

Մոտ երկու տասնամյակ՝ սկսած 1964 թվականից, Տիգրան Մանսուրյանը սքանչելի երաժշտություն է ստեղծել հայկական լավագույն ֆիլմերի համար:

«Պետք է ասեմ, որ առաջին դեպքն է մեր պատմության մեջ, որ գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրեց Տիգրան Մանսուրյանին: Մարդ, որը իր մեջ կրում է հոգևորը, իր մեջ կրում է լուսավորը և հանճարը», - ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:

Տիգրան Մանսուրյան արդեն ավելի քան երկու տասնամյակ երաժշտություն չի գրում հայ կինոյի համար: Այսօր Մաեստրոն, մինչև մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության սկիզբը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք առաջարկներ չի ստանում ֆիլմերի համար երաժշտության գրելու, պատասխանեց․ - «Եղել են հատուկենտ: Արել եմ նույնիսկ: Հոլիվուդում աշխատեցի մի առիթով, և դա իսկապես երջանկություն էր․․․ Վերջերս էլ մի ֆիլմ առաջարկություն եղավ, ես խորհուրդ տվեցի դիմել մի ընկերոջ, որը ապրում է Շվեյցարիայում․ խոսքը Դավիթ Հալաջյանի մասին է»:

Այսօր իրեն տրված «Եղիցի լույս» մրցանակի մասին Մաեստրոն ասաց․ - «Ես հիմա չգիտեմ, թե սա տարիքի՞ վաստակ է, թե՞ աշխատանքի վաստակ է․․․ Էս ուշադրությունը, որ կա իմ անձի հանդեպ, իմ աշխատանքի հանդեպ, անշուշտ, շատ հուզիչ է: Բայց երբեմն մտածում եմ, որ երիտասարդ ժամանակ սրա մի մասը լիներ, ուրիշ կլիներ․․․ Բայց էսօր էլ վատ չէ»:

Տիգրան Մանսուրյանին «Եղիցի լույս» մրցանակը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգիրն Երկրորդի անունից հանձնեց հոգևոր կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ, գերաշնորհ տեր Գևորգ արքեպիսկոպոս Սարոյանը:

Հանդիսության ներկա էր և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը․ - «Մի առիթով Մաեստրո Մանսուրյանը հարցազրույցներից մեկում ասել է՝ մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Եվ շարունակել է՝ ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդներն էլ նույնքան անհանգիստ լինեն: Եվ այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի Մաեստրո, ինչպես Դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, ազգային երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ ուզում ենք փաստել, որ Դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես մեր ժողովրդի սիրուն, հարգարքին և խոնարհմանը»:

«Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար», - մրցանակը ստանալուց հետո ասաց Մանսուրյանը: - «Շատ խորհրդանշական եմ համարում այն, որ այս մրցանակը ես իմ ամենասիրված երաժշտության, ամենատարածված երաժշտության համար, որ իմ ֆիլմերում աշխատանքն է, և որի առաջին աշխատանքը ես արել եմ, երբ ուսանող էի, 1964-ին, և որը շարունակվեց մի քանի տասնամյակ, այդ երաժշտությունը այսօր ինքնուրույն կյանքով է ապրում, որը ինձ շատ ուրախություն է պարգևում: Ահա թե ինչու ինձ համար շատ կարևոր է, երբ այդ տարածված, սիրված երաժշտությունը կարևորվում է այստեղ՝ այդ բարձր խորհուրդ պարունակող տարածքի ներսում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG