Մատչելիության հղումներ

Էրդողանի դեմ հայց Շվեդիայում՝ ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների մեղադրանքով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Շվեդ օրենսդիրները հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ՝ նրան մեղադրելով ցեղասպանություն, մարդկության դեմ հանցանքներ ու պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ, հաղորդում է բրիտանական The Independent հանդեսը։

Շվեդիայի խորհրդարանի հինգ պատգամավորները Ստոկհոլմի միջազգային դատախազություն ներկայացրած հայցում նշել են, որ նախագահ Էրդողանը պատասխանատվություն է կրում 2015 թվականից ի վեր թուրքական զինված ուժերի և քուրդ զինյալների միջև արյունալի բախումների համար։ Խոսքը մասնավորապես 2015 թվականի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբերը ընկած ժամանակամիջոցում Թուրքիայի Շըռնաք, Սիլոպի, Ջիզրա և Սուր բնակավայրերում տեղի ունեցած ավերածությունների ու սպանությունների մասին է։

Պատգամավորների հայցին կից իբրև ապացույց ներկայացվել են ՄԱԿ-ի, Amnesty International և Mazlumder իրավապաշտպան կառույցների, ինչպես նաև Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության կողմից հրապարակված զեկույցները և նշյալ իրադարձություններից հետո արված լուսանկարներ։

Թուրքական Cumhuriyet-ը գրում է, որ շվեդ պատգամավորները, Ջիզրեում կատարվածը նմանեցնելով 1982 թվականին Սադամ Հուսեյնի կողմից Դուջայիլում իրականացված կոտորածին, պնդում են, որ Էրդողանն ու թուրքական կառավարության մի շարք անդամներ Հուսեյնի նման պետք է դատարանի առաջ կանգնեն Ջիզրեի դեպքերի համար։

«Իրավապաշտպան կառույցների ներկայացրած զեկույցներում արձանագրված՝ քրդերի նկատմամբ թուրքական պետության իրականացրած գործողությունները մենք համարում ենք ցեղասպանություն, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործություն», - ասված է շվեդ օրենսդիրների հայցում։

«Սա առաջին դեպքն է Շվեդիայում, երբ մեկ այլ պետության ղեկավարի դեմ դատական հայց է ներկայացվում», - գրում է բրիտանական հանդեսը։

Ի դեպ, հայցում բացի Թուրքիայի նախագահից հիշատակվում են նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, ներքին գործերի և պաշտպանության ներկայիս և նախկին նախարարների անունները։

Եթե շվեդական դատախազությունը պատգամավորների հայցի առնչությամբ դատական գործ հարուցի, ապա Էրդողանին և մյուս թուրք պաշտոնյաներին Շվեդիայում ձերբակալելու հրաման կտրվի։ 2014 թվականից Շվեդիայում գործող օրենքի համաձայն՝ երկրի դատարաններն իրավասու են գործ հարուցել մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով՝ անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունեցել։

Թուրք ղեկավարների դեմ հայց ներկայացրած պատգամավորներից Կանաչների կուսակցության անդամ Կարլ Շլիթերսը հույս է հայտնել, որ եվրոպական մյուս երկրները ևս կհետևեն իրենց օրինակին և նմանատիպ քայլեր կձեռնարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG