Մատչելիության հղումներ

Գյուլենը պատրաստ է վերադառնալ հայրենիք, եթե Վաշինգտոնն իրեն արտահանձնելու որոշում կայացնի


Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ
Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Իսլամիստ քարոզիչը, սակայն, ասել է, որ կգերադասեր՝ իրադարձությունները նման սցենարով չզարգանային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երբեմնի ամենամերձավոր և ազդեցիկ քաղաքական դաշնակիցներից մեկը` Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, պնդում է, որ պաշտոնական Վաշինգտոնի կողմից արտահանձնման որոշում կայացնելու դեպքում պատրաստ է վերադառնալ հայրենիք: Այս մասին Գյուլենը հայտարարել է «Ռոյթերզ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում` հատուկ ընդգծելով, այնուհանդերձ, որ կգերադասեր՝ իրադարձությունները նման սցենարով չզարգանային:

«Մյուս կողմից, սակայն, եթե Միացյալ Նահանգների իշխանությունները հարկ համարեն արտահանձնել ինձ, ես կլքեմ երկիրը: Այս մասին ես նախկինում էլ եմ նշել: Եթե նրանք պետք է սպանեն ինձ, ես պատրաստ եմ դրան, պատրաստ եմ այն աշխարհում արդեն հանդիպել Աստծուն, միանալ նրան», - հայտարարում էր իսլամիստ քարոզիչը` հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե մոտ ապագայում կարող է հեռանալ Կանադա` արտահանձնումից խուսափելու նպատակով:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայի տարածքում մեծ ազդեցություն ունեցող իսլամական կազմակերպություններից մեկի` «Հիզմեթ» շարժման հիմնադրին մեղադրում են հակապետական գործունեության մեջ:

Պաշտոնական Անկարան պնդում է, որ հենց Գյուլենի կողմնակիցներն էին կանգնած 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի թիկունքում:

«Ես երբեք հեղաշրջումը կամ իշխանություններին տապալելու փորձերը չեմ պաշտպանել: Ես համոզված եմ, որ ցանկացած փոփոխության հարկավոր է հասնել ընտրությունների միջոցով», - հայտարարում էր Ֆեթուլլահ Գյուլենը:

Նրա խոսքով՝ Էրդողանի ավտորիտար գործողությունները հնարավոր է սաստել միմիայն միջազգային ճնշման միջոցով:

«Այդ դեպքում գուցե նա զերծ մնա նման գործողություններից: Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Եվրոպական խորհրդարանից, Բրյուսելից հնչող կոշտ քննադատությունը, պնդումները, որ նրա գործողությունները սխալ են, որ դատական համակարգը Թուրքիայում անկախ չէ՝ գուցե այս ամենը Էրդողանին ստիպի փոխել այսօր վարվող քաղաքականությունը: Բայց ես չեմ կարծում, որ այս ամենը ի վերջո իրականություն կդառնա», - «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում նշում էր Գյուլենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG