Մատչելիության հղումներ

Կիևը հայտնվել է քննադատության թիրախում, պայմանավորված Շերեմետի սպանության հետաքննությամբ


Պավել Շերեմետ, արխիվ
Պավել Շերեմետ, արխիվ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն քննադատում է լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով Ուկրաինայում անցկացվող հետաքննությունը: Միջազգային կազմակերպության զեկույցում նշվում է, որ լրագրողի սպանությունից մեկ տարի անց քննությունն այդպես էլ առաջընթաց չարձանագրեց:

Զեկույցի հեղինակ՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Քրիստոֆեր Միլլերը նշում է, որ քննությունը չի ներկայացնում սպանությանը Ռուսաստանի առնչության մասին գլխավոր վարկածի ապացույցները: Միևնույն ժամանակ, Միլլերի կարծիքով՝ անուղղակի ապացույցների մեծ մասն այն վարկածի օգտին է, թե հանցագործությանն առնչություն ունի հենց ուկրաինական կողմը: Փաստաթղթում նշվում է նաև Շերեմետի սպանության բացահայտման՝ անկախ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

Օրերս Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ «մոտ ժամանակներս» ուկրաինական իրավապահ մարմինները հրապարակայնորեն զեկուցելու են այդ գործով ընթացող հետաքննության արդյունքների մասին:

Պավել Շերեմետը սպանվել է անցած տարվա հուլիսին՝ Կիևում: Նրա մեքենայի տակ ռումբ էր տեղադրվել: Շերեմետը 1998 թվականին մամուլի ազատության միջազգային մրցանակ էր ստացել, իսկ 2010-ին զրկվել էր Բելառուսի քաղաքացիությունից, ինչը կապվում էր նրա լրագրողական գործունեության, ինչպես նաև Ռուսաստանում ու Բելառուսում ծավալած ընդդիմադիր գործունեության հետ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, թե լրագրողի մահվան հետ կարող են առնչություն ունենալ ռուսական հատուկ ծառայությունները: Ռուսաստանն իր հերթին ուկրաինական իշխանություններին է մեղադրել լրագրողի սպանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG