Մատչելիության հղումներ

Հուսով ենք՝ ռուս-վրացական առևտրային միջանցքները կսկսեն գործել հնարավորինս շուտ․ ՀՀ տրանսպորտի նախարար


Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հնարավորինս շուտ փոխհամաձայնության կգան ճանապարհային հաղորդակցությանն առնչվող հարցերում, և այդ երկու երկրները կապող «առևտրային միջանցքներն» ի վերջո կսկսեն գործել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Մոսկովյան Коммерсант պարբերականի հուլիսի 10-ի համարը տեղեկացնում էր, որ պաշտոնական Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Վրաստանի միջև դեռ 2011թ․ ստորագրված «Առևտրային միջանցքների» մասին պայմանագիրը կյանքի կոչելու շուրջ․ այդ պայմանագիրը նախատեսում է ապրանքների տեղափոխում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:

Պարբերականը միջանցնքների գործարկման ժամկետներ չի նշում, սակայն ընդգծում է՝ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև Պրահայում կայացած բանակցությունների արդյունքում: Հաղորդվում է նաև, որ Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են պայմանագրեր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը վերահսկելու է կողմերի միջև բեռների տեղաշարժը:

«Դա առաջին հերթին կախված է ռուս-վրացական հարաբերություններից, հուսով ենք՝ մոտ ապագայում կունենանք լուծում»,- այսօր ասաց Հայաստանի տրանսպորտի նախարարը: Коммерсант-ը չի որոշակիացնում նաև՝ «առևտրային միջանցքները» գործելու են միայն ավտոմայրուղիներո՞վ, թե գործի է դրվելու նաև աբխազական երկաթուղին: Նախարար Վահան Մարտիրոսյանն այս հարցի առնչությամբ նշեց, թե բոլոր ուղղություններով «զուգահեռաբար» քննարկումներ են ընթանում:

Դեռ այս տարվա փետրվարին Թբիլիսի կատարած այցի շրջանակում Վրաստանի ղեկավարության հետ բանակցություններից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե իր վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»,- այն ժամանակ ասել էր Կարապետյանը։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյան խոսքով, Ռուսաստանի ու Վրաստանի միջև «առևտրային միջանցքների» գործարկումը երկու կարևոր նշանակություն կարող է ունենալ հայաստանյան տնտեսության համար: Նախ՝ կէժանանան դեպի Ռուսաստան բեռնափոխադրումները, իսկ աբխազական երկաթուղու գործարկման դեպքում էլ կմեծանա հայ-իրանական երկաթուղու կառուցման հավանականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG