Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ․ Բրյուսելում «չի քննարկվել որևէ մեխանիզմների ստեղծումը»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանական կողմը պատրաստ է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը դրական է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին:

Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ էլ ձեռք է բերվել սեպտեմբերին Նյու Յորքում հաջորդ հանդիպումն անցկացնելու պայմանավորվածությունը:

Հաջիևն այսօր ասել է նաև, թե Բրյուսելի հանդիպման ժամանակ «չի քննարկվել որևէ մեխանիզմների ստեղծումը»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մինչդեռ, Էդվարդ Նալբանդյանը բրյուսելյան հանդիպման ժամանակ ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին, որոնք չեն իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG