Մատչելիության հղումներ

Արաբական չորս երկրները մտադիր չեն հրաժարվել Կատարի դեմ պատժամիջոցներից


Կատարի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ ասուլիսը Դոհայում, 11-ը հուլիսի, 2017թ․
Կատարի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ ասուլիսը Դոհայում, 11-ը հուլիսի, 2017թ․

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը ուժի մեջ են թողնում Կատարի դեմ սահմանած պատժամիջոցները: Սահմանափակումները կթուլացվեն միայն այն դեպքում, եթե Կատարը լուրջ պայքար սկսի ահաբեկչության դեմ, հայտարարել են այդ պետությունները:

Կատարի նկատմամբ դիվանագիտական ու տնտեսական պատժամիջոցներ սահմանվեցին մոտ մեկ ամիս առաջ՝ ահաբեկչական խմբավորումներին սատարելու և շիա Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեղադրանքներով: Պաշտոնական Դոհան հերքում է մեղադրանքները, ինչպես նաև հրաժարվում կատարել արաբական երկրների ներկայացրած 13 պահանջները:

Երեքշաբթի օրը աշխատանքային այցով Դոհայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Կատարի արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ-Թանին ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու մասին համաձայնագիր են ստորագրել: Կողմերը մտադիր են ավելի մեծ ջանքեր գործադրել ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական աջակցությանը վերջ դնելու ուղղությամբ: Ալ-Թանին նշել է, որ այդպիսով Կատարը դարձավ առաջին երկիրը, որը ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի մասին նման պայմանագիր է կնքում: Կատարի արտգործնախարարը ընդդիմախոս երկրներին կոչ է արել միանալ այդ համաձայնագրին:

Մինչդեռ արաբական երկրների քառյակը Կատարի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը բավարար չի համարում: «Կատարական գերատեսչությունների խոստումներին պետք չէ հավատել», - ասվում է հայտարարությունում, որը տարածել է Սաուդյան Արաբիայի SPA գործակալությունը:

Այսօր Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդա քաղաքում նախատեսված է Թիլերսոնի հանդիպումը արաբական չորս երկրների արտգործնախարարների հետ, որի ժամանակ կքննարկվի ընթացիկ լարվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG