Մատչելիության հղումներ

Թրամփի որդին նամակներ է հրապարակել, որոնցում ռուսական կողմը առաջարկել է Քլինթոնի մասին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել


Նախագահ Դոնալդ Թրամփն ու որդին, արխիվ
Նախագահ Դոնալդ Թրամփն ու որդին, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին այսօր էլեկտրոնային նամակագրություն է հրապարակել ռուսաստանցի բարձրաստիճան դատախազի վերաբերյալ, ով ենթադրաբար Թրամփի նախընտրական թիմին նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություն է առաջարկել տրամադրել:

«Ռուսաստանի թագավորական դատախազը ․․․ առաջարկել է Թրամփի նախընտրական թիմին տրամադրել մի քանի պաշտոնական փաստաթղթեր ու տեղեկություն, որոնք կվնասեին Հիլարիին և Ռուսաստանի հետ նրա կապերը, ու շատ օգտակար կլինեին Ձեր հոր համար», - գրված է հրատարակիչ Ռոբ Գոլդսթոունի՝ 2016 թվականի հունիսի 3-ին Դոնալդ Թրամփ կրտսերին հասցեագրված նամակում: Թրամփ կրտսերը պատասխանել է․ - «Եթե այն է, ինչ ասում եք, ինձ դա դուր է գալիս»:

Այս նամակագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ «Նյու Յորք Թայմս»-ը հուլիսի 10-ին, իր անանուն աղբյուրներին հղում կատարելով, հաղորդեց՝ Գոլդսթոունը նամակ է ուղարկել Թրամփ կրտսերին՝ մատնանշելով, որ Կրեմլն էր ենթադրաբար վարկաբեկիչ տեղեկատվության աղբյուրը և դա նրա հոր թեկնածությանը աջակցելու՝ ռուսական կառավարության ջանքերի մասն է կազմում:

Նամակում Գոլդսթոունը ասում է, որ ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայան պնդել է, թե տեղեկություն ունի Դեմոկրատների ազգային կոմիտեին տրամադրված ենթադրաբար ապօրինի նախընտրական ֆինանսավորման մասին, ինչը իրավաբանի կարծիքով՝ Թրամփ կրտսերը կարող էր օգտակար համարել:

Գոլդսթոունը նախկինում ժխտել է, թե ինչ-որ բան է իմացել ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին:

Ամերիկացի պաշտոնյաները քննում են ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Ռուսաստանը չունի թագավորական դատախազ, բայց ունի գլխավոր դատախազ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG