Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան-2009»-ի մրցանակակիրը նոր աշխատանքով է ներկայացել փառատոնին


Վրաց ռեժիսոր, սցենարիստ, դերասան Գեորգի Օվաշվիլին, ում «Մյուս ափը» ֆիլմը 2009 թվականին ավելի քան 50 երկրների 100-ից ավելի միջազգային փառատոներին մոտ 50 մրցանակի է արժանացել՝ այդ թվում «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակին, այս տարի երևանյան փառատոնին ներկայացել է «Խիբուլա» ֆիլմով:

Երեկ կինոնկարը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ այսօր Օվաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց իր վերջին աշխատանքի մասին: «Խիբուլա»-ն Վրաստանի պատմության նորագույն՝ անկախության ժամանակահատվածը ներկայացնող իր եռապատումի վերջին ֆիլմն է: Մասնավորապես այն ներկայացնում է Զվիադ Գամսախուրդիայի կառավարման վերջին ժամանակաշրջանը, սակայն, ինչպես շեշտեց ռեժիսորը՝ առանց անձնավորման․ ֆիլմում նա պարզապես կոչվում է Նախագահ, նրա փախուստը, նրա կյանքի վերջին՝ լեռներում անցկացրած 50 օրերը:

Օվաշվիլին ասաց, որ իր համար շատ կարևոր է եղել խոսել ոչ թե կոնկրետ մարդու իշխանությունից զրկվելուց հետո ունեցած հոգեվիճակի մասին, այլ ընդհանրացնելով ՝ խոսել առհասարակ մարդու մասին: Ֆիլմի հերոսը կյանքի վերջին 50 օրերը անցկացնում է լեռներում՝ անընդհատ փախչելով և բացարձակապես գաղափար չունենալով, թե ուր է ինքը գնում:

«Բայց», - ասաց ռեժիսորը, - «մեզանից յուրաքանչյուրն էլ այդպես է ապրում իր կյանքը՝ անընդհատ վազելով՝ չիմանալով, թե ուր․․․ Գաղափար անգամ չունեմ, թե այս ֆիլմն ինչպես կընդունվի վրաց հանդիսատեսի կողմից: Այն ցուցադրվում է ընդամենը երկրորդ անգամ: Վերջերս համաշխարհային պրեմիերան էր Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, և ահա երեկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ֆիլմը ցուցադրվեց երկրորդ անգամ: Այնպես որ, ֆիլմը չափազանց թարմ է և դեռ շատ քչերն են այն տեսել»:

Ֆիլմում հերոսի՝ Նախագահի կերպարը մարմնավորում է իրանցի հայտնի դերասան Հուսեին Մահջեբին: Թե ինչու է հենց նրա վրա կանգ առել իր ընտրությունը, Օվաշվիլին ասաց, որ մի անգամ Նյու Յորքում տեսել էր իրանցի անվանի ռեժիսոր Մեջիթ Մաջիթի «Դրախտի գույները» ֆիլմը, որտեղ խաղում էր Հուսեին Մահջեբին, և շատ է տպավորվել:

Հուսեին Մահջեբին, ով նույնպես Երևանում է և մասնակցում էր ասուլիսին, պատմեց, որ երբ ստացավ այդ ֆիլմում նկարահանվելու առաջարկը, շատ զբաղված էր և ընդամենը 15 օր ուներ նախապատրաստվելու նկարահանումներին:

«Ընդհանրապես շատ ուրախ եմ և շատ գոհ եմ Գեորգիի հետ աշխատելու իմ փորձառությունից: Եվ հուսով եմ, որ միգուցե ապագայի իր պրոեկտներում իր հետ համագործակցեմ», - ասաց Մահջեբին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել նաև թուրք կինոռեժիսոր, սցենարիստ, թուրքական հեղինակային կինոյի հայտնի ներկայացուցիչներից Զեքի Դեմիրքուբուզը, որի «Անթեղ» խորագրով ֆիլմն է ներկայացված փառատոնի մրցութային ծրագրում:

Տարբեր տարիներին նրա ֆիլմերը ներկայացվել են Վենետիկի, Կաննի և այլ հեղինակավոր կինոփառատոներում: Ասում էր, որ իր ֆիլմերում փորձում է վերհանել մարդու էությունը, հատկապես մարդու էության մութ ու թաքուն կողմերը և այս առումով իր այս փառատոնին ներկայացված ֆիլմում «ոչ թե հերոսներն են, այլ հակահերոսներ»․ - «Իմ բոլոր ֆիլմերը հակահերոսների մասին է: Ես չեմ հավատում հերոսներին: Պետք է ասեմ, որ իմ ֆիլմը վերաբերում է մարդկային բնությանը ու մարդու մութ կողմերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG