Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին մասնակցել Վիեննայում հուլիսի 15-ին նախատեսվող միջոցառմանը՝ նվիրված անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի որոշմամբ, արգելվել է Թուրք նախարարի մուտքը երկիր։
Ավստրիացի պաշտոնյան պարզաբանել է՝ հուլիսի 15-ին նախատեսվող միջոցառումը շատ մեծ է լինելու և թուրք նախարարի այցը սպառնալիք է երկրի հասարակական կարգի անվտանգության համար։
Թուրքիայի արտգործնախարարությունը խիստ է արձագանքել ավստրիական իշխանությունների որոշմանը։ «Ավստրիան անկեղծ չէ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում։ Այս վերաբերմունքից մենք հետևություններ կանենք», - մասնավորապես ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, թե իրենք չեն դիմել ավստրիական իշխանություններին՝ նախարարի այցը թույլ տալու համար։ «Նիհաթ Զեյբեքչին Ավստրիայում կամ աշխարհի մեկ այլ երկրում թուրք քաղաքացիների հետ հանդիպելու համար որևէ թույլտվության կարիք չունի», - հայտարարել է նախարարությունը։
Անցյալ շաբաթ էլ նմանատիպ որոշում էր ընդունել Նիդերլանդները՝ ոչ-ցանկալի անձ հայտարարելով Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին, ով նույնպես պատրաստվում էր ելույթ ունենալ հեղաշրջման փորձին նվիրված միջոցառմանը։
Նիդերլանդների արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Թյուրքեշի կամ որևէ այլ պաշտոնյայի այցը ցանկալի չէ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության պայմաններում։
Օրերս կայացած Մեծ քսանյակին մասնակցելու համար Համբուրգ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս չէր կարողացել հանդիպել գերմանաբնակ աջակիցներին՝ գերմանական իշխանությունների սահմանած արգելքի պատճառով։
Պաշտոնական Բեռլինը նաև թույլ չէր տվել, որպեսզի Էրդողանը ելույթ ունենա թուրքական հյուպատոսարանում։