Մատչելիության հղումներ

ԿԸՀ նախագահն առաջընթաց է տեսնում ԱԺ ընտրություններում, «Ելք»-ը համաձայն չէ


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում, 10-ը հուլիսի, 2017 թ․

«Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են ընտրական օրենսգրքին համապատասխան և գրանցել են առաջնթաց»: Այսօր այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը: «ԱԺ ընտրություններով արձանագվեց ընտրական գործընթացում նոր առաջընթաց, կարևորագույն քայլ»,- ընդգծեց Մուկուչյանը:

«Ելք» խմբակցության պատգամավորները հիշեցրին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու ընտրություններն «աչքի են ընկել» լուրջ սկանդալներով, ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգերով և վարչական ռեսուրսի չարաշահմամբ, սակայն դրանց պատշաճ գնահատական չի տրվել:

Մանե Թանդիլյանը թվարկեց ամենաաղմկոտ դեպքերը՝ դպրոցների տնօրենների և «ՍԱՍ գրուպի» ձայնագրությունները, այսպես կոչված՝ «զիբիլիքսի» սկանդալը: Ապա պատգամավորը նշեց՝ անգամ այդ բացահայտումներից հետո դրանց հետ կապված Հանրապետական կուսակցությունը չհեռացվեց ընտրություններից, էլ ավելի խարխլելով վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ:

«Էլ ի՞նչ փաստ կամ ի՞նչ այլ հիմքեր են անհրաժեշտ, որպեսզի պատժիչ միջոցառում կիրառվի և որոշակիորեն վերականգնվի վստահության մթնոլորտը»,- Թանդիլյանի այս հարցին, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց․ «Պետք է այդ միջոցը, այդ գործիքը՝ ընտրական գործընթացից որևէ կուսակցություն հանելու, դիտել որպես ծայրահեղ գործիք, որպեսզի դա հետագայում երբևէ չդառնա չարաշահման առարկա և որևէ թեկնածու, դրանով պայմանավորված, դուրս չմնա ընտրական գործընթացից»:

Եթե դպրոցի տնօրենների կամ «ՍԱՍ գրուպի» ձայնագրությունները վարչական ռեսուրսի չարաշահում չեն, ապա էլ ի՞նչ պիտի տեղի ունենա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա համարի խախտում, շարունակում էին հարցնել «Ելք» խմբակցության պատգամավորները: Լենա Նազարյանը ԿԸՀ նախագահին խնդրեց բերել վարչական լծակի չարաշահման կոնկրետ օրինակ: Վերջինս նշեց, թե չի կարող տեսական օրինակ բերել, Նազարյանն էլ հակադարձեց՝ տպավորություն ունի, որ ինչ օրինակ էլ բերվի, ՀՀԿ-ն դրա հետ կապված կլինի, և Մուկուչյանը պատրաստ է «արդարացնել ամեն ինչ»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց, մասնավորապես, նշելով․ «Վարչական ռեսուրսի չարաշահումը նման է կատվին, որին ոնց շպրտում ես, էլի ոտքերի վրա է կանգնում: Ձեր խոսքերից ես հիշեցի դեռ ԽՍՀՄ-ում շատ հայտնի մի ասացվածք՝ ԽՍՀՄ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Խորհրդային Միությունում սեքս չկա: Հիմա ձեր ասածով ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական ռեսուրսի չարաշահում չկա»:

Փաշինյանն արդեն իր ելույթում դարձյալ հրապարակեց այսպես կոչված «զիբիլիքսի» նյութերը, այն թղթերը, որոնք, «Ելք»-ի դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, գտնվել էին Կոմիտաս փողոցի վրա տեղակայված՝ Հանրապետականի շտաբի մոտի աղբարկղում՝ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Այդ նյութերի թվում էին ցուցակներ՝ անունների դիմաց խոշոր գումարների նշումներով, ոստիկանական ՊՊԾ գնդից ստացված ֆաքսի հաղարդագրություն, որում նշված է եղել, թե այս կամ այն ոստիկանը քանի ձայն կարող է ապահովել, ինչպես նաև աղմուկ հանած մի ուղեցույց՝ նախատեսված շտաբի աշխատողի համար: Դրանում նկարագրվում է, թե ինչպես պետք է մտնել մարդկանց տուն, առանձնանալ ննջասենյակում կամ լոգարանում՝ ձայնագրությունից խուսափելու համար և առանց խոսելու գումար փոխանցել: Մինչ օրս, սակայն, քննությունը չի պարզել, թե ովքեր են այդ ցուցակներում նշված անձինք:

«Սա ընտրության մասին չի, սա հանցավոր խմբի և հանցավոր կազմակերպության գործունեության մասին է, և այդ հանցավոր կազմակերպության անունը Հայաստանի հանրապետական կուսակցություն է: Եվ ես կապացուցեմ դա ցանկացած ատյանի առաջ: Եվ այդ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, այս հանցավոր խմբի ղեկավարը: Հիմա կնկատեք, թե չեք նկատի, դա ուրիշ պրոբլեմ է, ամենամեծ պրեբլեմն էն է, որ Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներ բազմաթիվ ստահակների թողել են մտնել իրենց ննջարաններ և բաղնիքներ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հակադարձեց՝ հարցերի մեծ մասի հասցեատերը Տիգրան Մուկուչյանը չէ, դատախազությունն է: Նաև նկատեց՝ Մուկուչյանից առաջ ելույթ ունեցած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նման հարցեր չուղղվեցին: «ՊՊԾ գնդի սպաները ընտրողների ցուցակ են հավաքում, դասական իշխանազանցություն է, եթե դա էդպես է, բայց Տիգրան Մուկուչյանը չի այն սուբյեկտը, ով պետք է ասի՝ դա իշխանազանցություն է թե չէ և տա իրավական գնահատական: Դա դատախազության խնդիրն է»,- ասաց Կոստանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG