Մատչելիության հղումներ

«Սպայկա»-ն անհատ ծիրան արտահանողների համար խոչընդոտներ չի ստեղծում․ գյուղնախարար


Գյուղատնտեսության նախարարի պնդմամբ, պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող հայաստանյան առաջատար «Սպայկա» ընկերությունը անհատ ծիրան արտահանողների համար Կրասնոդարի շուկայում խոչընդոտներ չի ստեղծում:

Նման հայտարարություն Իգնատի Առաքելյանն արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: Հունիսի վերջին հայաստանյան մի խումբ մանր արտահանողներ բողոքել էին, որ իրենց այս տարի արգելում են մտնել Կրասնորդարի շուկա. քանի որ «Սպայկան» փորձում է «մոնոպոլ դիրք գրավել ծիրանի արտահանման ոլորտում»։

«Այսօր, երբ փոքր արտադրողը փորձում է մտնել որևիցե առևտրի կետ, խոշոր առևտրի կետը ասում է՝ ինձ կարո՞ղ ես ապահովել այս քանակի, այս գնի, այս որակի: Բնական է՝ փոքր-միջին արտադրողը չի կարողանում ապահովել, և այստեղ խոշորն է շահում», - մանրամասնեց գյուղնախարարը՝ պնդելով, որ դա չի նշանակում, թե ինչ-որ մեկը փորձում է խոչընդոտել մանր արտահանողներին: - «Դա նշանակում է շուկայական հարաբերություններ, որտեղ մեծ երկիրը և խոշոր ցանցը ուզում է աշխատել երաշխավորված մատակարարի հետ»:

Իգնատի Առաքելյանի խոսքով՝ այդ արտահանողներին առաջարկվել է բերքն իրացնել Ռոստովի շուկայում:

Ու մինչ Գյուղնախարարությունը դրսում առաջացած խնդիրներն է կարգավորում, Արմավիրի մարզի Արևիկ համայնքի բնակիչները թափում են «Նազրվան» տեսակի վարունգը։ «Ազատության» հետ զրույցում համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը պատմեց, որ գյուղացիները չեն կարողացել անգամ 20 դրամով վաճառել վարունգը։

Աղբի վերածված «Նազրվանի» մասին գյուղնախարարը տեղյակ է։ Թեև անձամբ չէր տեսել բերքը, բայց ասում է՝ ճշտել է, դա երկրորդ կամ երրորդ բերքատվության և վատ որակի վարունգ է եղել։ Նախարարի խոսքով՝ այն այլևս շուկայում պահանջարկ չուներ։

Նշենք, որ Արմավիրի մարզում սա նման առաջին դեպքը չէ․ 2015-ին մի շարք գյուղերը կրկին իրացման հարցի պատճառով տոննաներով վարունգ թափեցին։

«Կա լավ որակով և բարձր արժեքով վարունգ, որը իրացվում է», - այսօր պնդեց գյուղնախարարը՝ հավելելով․ - «Էլի գալիս ենք կազմակերպչական աշխատանքին․ ինչքա՞ն վարունգ էր ցանվել, և ո՞վ էր ասում, որ այդ վարունգը կլինի, և ի՞նչ գնով դա կլինի»:

«Առաջարկն ու պահանջարկը պետք է համապատասխանեն իրար», - նշում է Առաքելյանն ու պնդում, որ եթե գյուղացին սերտ աշխատի նախարարության հետ, կիմանա ինչ ցանել, ինչպես իրացնել։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ իսկ ի»նչ անեն նրանք, որոնց բերքն այս տարի կրկին կարկուտը վնասեց: Կառավարությունը լուծե՞ց փոխհատուցման հարցը։ Ի պատասխան Առաքելյանն ասաց, որ 6 մարզերում վնասների հաշվարկման տվյալները դեռ ամփոփվում են, իսկ Կենտրոնական բանկն արդեն քայլեր է ձեռնարկել գյուղվարկերի մայր գումարի վճարման ժամկետները հետաձգելու ուղղությամբ։

Ըստ նախարարի, հավանաբար արտոնություններ կլինեն նաև հողի հարկի և ջրի վճարների հարցում․ - «Հողի հարկի առումով նորից կլինի կառավարության որոշումը, երբ լրիվ տվյալները կճշգրտվի, թե ինչքանով է հնարավոր զիջել՝ մասնակի կամ ամբողջական: Ինչ վերաբերում է ջրի վարձին՝ համաձայնեցվել է, որ այն տարածքները, որոնք վնասվել են, այնտեղ լինի ջրի վարձի գանձման առումով մեղմ ռեժիմ, մինչև տվյալները ամփոփվեն: Այսինքն՝ ջուրը չկտրեն, ոռոգումը իրականացնեն, մինչև որոշումը լինի: Բայց միայն այն տարածքները, միայն այն դեպքերը, երբ գյուղացին վնաս է կրել»:

Ամբերդ համայնքում, որն այս հունիսին ամբողջությամբ տուժեց ուժեղ կարկուտից, գործադիրից օգնություն ստանալու հույս քչերն ունեն, ավելի ճիշտ միայն մեկը՝ գյուղապետ Մանվել Բաբայանը։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ նախորդ տարվա փորձը ստիպել է համագյուղացիներին կառավարության հետ հույսեր չկապել․ - «Գյուղացիները արդեն ինձ էլ չեն հավատում: Ուղղակի ես լավատես եմ, ժողովուրդն էլ էս վիճակով սպասում են․․․ Բա էլ ո՞ւմ հավատանք: Էդ էլ սուտ ըլնի, աշունը երևի խոպանի ճամփեն բռնենք»:

Կառավարությունից դեռ օգնություն չեն ստացել նաև Այգեշատում։ Համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանը թեև համոզված է, որ խոստումները կիրականան, բայց նշում է, որ անցած տարի գործադիրը եւսխոստացել էր սառեցնել վարկերն ու չէր արել։

Առջևում խաղողի մթերման սեզոնն է, բայց գյուղնախարարը դեռ չի շտապում կանխատեսում անել, թե որքան բերք է սպասվում։

Իգնատի Առաքելյանի խոսքով՝ մթերողները դեռ ամբողջությամբ չեն վարել նախորդ տարիների պարտքերը։ Ընդհանուր առմամբ՝ 154 միլիոն դրամ։

Նկատենք նաև, որ, ըստ վիճակագրական տվյալների, մայիսի ամսին գյուղատնտեսության ցուցանիշները 3.5 տոկոսով անկում են ապրել։ Թե ինչ ցուցանիշներ կլինեն մինչև տարեվերջ, նախարարը չի ուզում կանխատեսում։ Ամեն դեպքում, ըստ կառավարության ծրագրի, իր ղեկավարած ոլորտը 2017-ը պետք է փակի 3.6 տոկոսանոց աճով։

XS
SM
MD
LG