Մատչելիության հղումներ

Օգոստոսի 1-ից վարորդներն ավելի շատ կվճարեն «կարմիր գծերում» կայանելու համար


Armenia -- A paid parking lot sing in Yerevan, undated Armenia

Այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պնդում է՝ ավտոկայանատեղի վճարը չի փոխվել, ընդամենը գանձվելու է sms-ի միջնորդավճարն ու ավելացված արժեքի հարկը:

sms հաղորդագրություն ուղարկելու դեպքում վարորդները օգոսոտոսի 1-ից ստիպված կլինեն ավելի վճարել «կարմիր գծերի» համար․ 1 ժամ կայանելու նախկին 100 դրամի փոխարեն վարորդի հեռախոսային հաշվից կպակասի 149, իսկ մեկ օր կայանման նախկին 500 դրամի փոխարեն կգանձվի 748 դրամ:

Այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պնդում է՝ ավտոկայանատեղի վճարը չի փոխվել․ ընդամենը գանձվելու է sms-ի միջնորդավճարն ու ավելացված արժեքի հարկը:

Ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը տարակուսանք է հայտնում․ - «Եթե թանկացում չի, ո՞վ է վճարելու էդ ավելացված գումարը․․․ Իհարկե վարորդը: Եթե վարորդը, ուրեմն դա լրացուցիչ բեռ է նրա վրա, ուրեմն դա թանկացում է: Տուժողը լինելու է վարորդը, իսկ «Փարկինգ սիթին» լրացուցիչ գումարներ է ստանալու»:

Խորհրդարանի ամբիոնից այսօր թեմային անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ քաղաքային իշխանություններին կոչ անելով հրաժարվել այս նախաձեռնությունից․ - «Մենք ասում ենք՝ հանե՛ք էդ կարմիր գծերը, դուք էստեղ բերում-ասում եք՝ օգոստոսի 1-ից պետք է կայանման վճարի գինը ավելացնել: Սա լրջագույն խնդիր է առաջացնելու: Եվ քանի դեռ խնդիրը չի առաջացել, հորդորում եմ պատկան կառույցին հետ կանգնել այս «փառահեղ» գաղափարից»:

Մինչդեռ քաղաքապետարանը տարածած հաղորդագրությամբ ընդգծում է, թե sms հաղորդագրության փոխարեն վարորդները կարող են վճարել կայանատեղերի մոտ տեղադրված տերմինալների միջոցով, և այդ դեպքում միջնորդավճար կամ հարկ չի գանձվի:

«Վարորդի ընկեր» հասարական կազմակերպությունն ուսումնասիրել ու պնդում է, որ հատուկենտ կարմիր գծերի մոտ կան վճարման տերմինալներ: Կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանն ասաց - «Օրինակ, մենք հիմա գտնվում ենք Խորենացի փողոցում: Ստեղ մի հատ տերմինալ ցույց տվեք: Տերմինալ էլ գոյություն չունի էս փողոցում: Քաղաքացին ո՞նց պետք է վճարի: Պետք է քաղաքապետարանը տերմինալները տեղադրեր, հասցեները հրապարակեր, որ նոր կարողանա այլ միջոցներ ձեռնարկի: Մինչ այդ ինքը ոչ մի բան չի անում և արհեստական թանկացնում է: Դա լրիվ անօրինական է: Այսինքն՝ քաղաքացիների մասին մտածելու կամ ինչ-որ կարծիքը լսելու․․․ Թքած ունեն մեր քաղաքացիների վրա՝ կոպիտ ասած: Ինչ ուզում, նա էլ անում են»:

Վարորդների իրավունքների պաշտպան Տիգրան Քեյանն ու ավագանու ընդդիմադիր անդամ Արայիկ Հարությունյանը համոզված են, որ իրական նպատակը վարորդներին այլընտրանքից զրկելն է, որ ուզած-չուզած վճարեն ողջ ամսվա 2000 կամ տարվա՝ 12 հազար դրամը:

«Էս ծառայությամբ ավելի շատ վնասներ են կրում, քան օգուտներ են քաղում: Բնականաբար ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկեին, որ վնասները ծածկեն: Մեր քաղաքացիների մեծ մասը օգտվում է ավելի շատ մեկ ժամվա ծառայությունից և մեկ օրվա ծառայությունից: Եվ բնականաբար էդ դրույքաչափերը հենց թանկացվեցին, sms-ով վճարները թանկացվեցին, որ ավելի շատ գումարներ մուտք լինի», - ասաց Քեյանը:

Հարությունյանը հավելեց․ - «Եթե նախկինում ինքը կարող էր այդ ավտոկայանատեղիներից օգտվել շատ հազվադեպ՝ Երևանի կենտրոնում կամ այլ վայրերում գտնելով ոչ-վճարովի տեղեր, և վճարը շատ քիչ գումար ա, հիմա ստիպված ա լինելու ամեն ամսվա համար լրացուցիչ մեծ գումարներ վճարել»:

Հարությունյանն ու Քեյանը հիշեցնում են՝ տեղական տուրքի դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվում ու հարցեր բարձրացնում․ ինչո՞ւ նախկինում չէր գանձվում, ինչո՞ւ է միայն sms-ով վճարելու դեպքում գանձվում, sms-ն առավելագունը 20 դրամ արժե, ինչո՞ւ է մոտ 125 գանձվում, ինչո՞ւ է հարկվում ամբողջ գումարի չափով, ոչ թե միայն միջնորդավճարի, ինչո՞ւ sms-ի փոխարեն տերմինալ, եթե «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» օրենքում վճարման բոլոր տարբերակներն են նշված:

Իսկ իրենք վարորդնեից շատերն անգամ չգիտեն թե որ ծառայության համար են վճարում․ «Ավելի շատ որպես պետական տուրք եմ ես վճարում, քան որպես ծառայություն», «Վճարում եմ, որ չտուգանեն»:

Սերժ Սարգսյանի անցած տարվա հանձնարարականից հետո արագաչափերից, տեսախցիկներից և «կարմիր գծերից» ստացվող գումարներն ուղղվում են պետությանը:

«Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, այլ մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը», - ասել էր նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG