Մատչելիության հղումներ

HRW-ը անդրադարձել է դատարանում «Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու մասին հաղորդումներին


«Սասնա ծռերի» գործով դատական նիստ, 28-ը հունիսի, 2017թ․

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:

«Իշխանությունները պարտավոր են շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն իրականացնել ծեծի մասին պնդումների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - ասված է HRW հաղորդագրության մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ չորս մեղադրյալների դեմքերին, գլխին, որովայնին, մեջքին և ոտքերի վրա հարվածների հետքեր և վերքեր են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար հունիսի 28-ին դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանք են:

«Կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը արգելված է ցանկացած պարագայում: Ներկայացված մեղադրանքի հետ կապված զայրույթի որևէ չափաբաժին կամ դատական նիստի լարվածության աստիճան չեն կարող արդարացնել պաշտպանյալների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը», - հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch կազմակերպության տնօրեն Գիորգի Գոգիան: - «Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջապես և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկը արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդայանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Տեղի ունեցածի վերաբերյալ Human Rights Watch-ը զրուցել է փաստաբաններ Ինեսա Պետրոսյանի, Արա Ղարագյոզյանի, Լուսինե Հակոբյանի հետ: Փաստաբանները հայտնել են, որ երբ իրենց պաշտպանյալները դատարանից հետ են բերվել կալանավայր, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ուսումնասիրել են նրանց ստացած վնասվածքները և համապատասխան արձանագրություն կազմել:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև փաստում է, որ հունիսի 29-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ավեիտսյանին, Խանդայանին և Եղիազարյանին և արձանագրել են, որ նրանց մարմինների վրա առկա են վնասվածքներ, որոնք համապատասխանում են ծեծի մասին պնդումներին:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիային: Այդ պայմանագրերը պահանջում են մարդու իրավունքների լուրջ խախտումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքում իրականացնել արդյունավետ քննություն և պատժել մեղավորներին», - նշում է Human Rights Watch-ը:

Արձանագրելով, որ հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել միջադեպի կապակցությամբ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միաժամանակ, փաստում է, որ դատարանում մեղադրյալներին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող ոստիկանները շարունակում են ծառայություն իրականացնել դատարանի դահլիճում: - «Քանի դեռ քննություն է իրականացվում, քննության ենթակա որևէ պաշտոնյա չպետք է քրեական գործին և մեղադրյալներին առնչվող որևէ ծառայություն իրականացնի», - նշում է Human Rights Watch-ը:

«Այն, որ իշխանությունները քրեական գործ են հարուցել, դրական զարգացում է», - նշել է Գիորգի Գոգիան՝ միաժամանակ շեշտելով արժանահավատ, արդյունավետ, մանրակրկիտ և անկողմնակալ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG