Մատչելիության հղումներ

«Մեզ այլևս միջնադարում չենք զգում»․ Շիրակում կանաչ տեխնոլոգիաների զարգացման ծրագրից 20 համայնք է օգտվել


Արևային էներգիայի վահանակներ Հայաստանում, արխիվ
Արևային էներգիայի վահանակներ Հայաստանում, արխիվ

Եվրամիությունը և Ավստրիայի Զարգացման հիմնադրամը շուրջ 320 հազար եվրո են տրամադրել Շիրակի մարզում կանաչ տեխնոլոգիաների զարգացման համար: Ֆինանսավորման մոտ 75 տոկոսը Եվրամիությանն է բաժին հասել: «Կանաչ էներգիա հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի» ծրագրից 20 համայնք է օգտվել՝ շուրջ 4 հազար շահառու: Երկու տարվա ընթացքում 9 համայնքում կառուցվել են ցուցադրական տեղամասեր, որտեղ կանաչ տեխնոլոգիաներից օգտվողներին ցուցադրվում է՝ արևային էներգիայի արդյունավետ օգտագործումը ինչպես է իրականացվում:

Ծրագրի ղեկավար, «Հիլֆսվերկ Ավստրիա Ինթերնեշընլ» կազմակերպության ներկայացուցիչ ավստրիացի Նիկոլ Բաուերն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ պատահական չէ, որ ծրագրի իրականացման համար ընտրվել է Շիրակի մարզը․ - «Նախ և առաջ, մյուս մարզերի համեմատ Շիրակի մարզում ամենաբարձրն է աղքատությունը, մյուս կողմից՝ խիստ կլիմայական պայմանները՝ այստեղ ցուրտ ձմեռ է, և մենք ցանկանում էինք ցույց տալ, որ մեր կանաչ էներգիայի սարքավորումները աշխատում են՝ չնայած խստաշունչ ձմեռային պայմաններին: Ցանկանում էինք ցույց տալ մարդկանց, որ դրանք հաղթահարել հնարավոր է»:

Բաուերն ասաց, որ վերջին անգամ, երբ շրջայց են կատարել համայնքներով, 3 հազար մետր բարձրության վրա գտնվող գյուղերից մեկի բնակիչները հետաքրքիր բաներ են պատմել իրենց․ - «Մեզ ասացին՝ գիտե՞ք, այստեղից շատերը հեռանում են, գրեթե ոչ ոք չի մնացել: Գիշերները գյուղում մթություն է տիրում: Այժմ էներգախնայող լուսավորություն է ապահովվել գյուղում, և գյուղացիներն ասում են՝ հիմա կրկին երևում է, որ գյուղում մարդ է ապրում: Դա, իհարկե, մեծ տնտեսական էֆեկտ չունի, բայց մարդկանց ինչ-որ բան է տալիս: Դա արդեն լավ է: Գյուղացիներն ասում են՝ գայլերն այլևս գյուղ չեն գալիս»:

«Այսինքն, էներգետիկ խնդիրները լուծելուն զուգահեռ՝ նաև սոցիալակա՞ն խնդիրներ եք լուծում», - այս հարցին Նիկոլ Բաուերը պատասխանեց․ - «Մենք նաև սոցիալական հարցեր ենք լուծում և մարդկանց ինքնագնահատականն ենք բարձրացնում, օգնում ենք զգալ, որ իրենց գյուղերում էլ տեղաշարժ կա: Մեկ այլ գյուղում ինձ ասացին՝ գիտե՞ք, մենք մեզ այլևս միջնադարում չենք զգում, արդեն ապագայի հույս ենք տեսնում: Դա նույնպես կարևոր է, քանի որ չնայած այն հանգամանքին, որ նրանք սոցիալական վատ պայմաններում են ապրում, հնարավոր է նոր հնարավորություններ ներդնել»:

Ծրագրի արդյունքներից Բաուերը գոհ է, նաև միջոցների օգտագործումն է նպատակային համարում: Շիրակի մարզում հիմա կանաչ տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Եթե մի քանի տարի առաջ հեռավոր գյուղերում արևի էներգիայով ջրատաքացուցիչների, խնայող լամպերի ու արևային օդատաքացուցիչներով ջերմոցների մասին միայն լսել էին, ապա հիմա շատ համայնքներ այդ ամենն ունեն:

Ծրագրի ավարտին Գյումրիում բացվեց Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն, որը կշարունակի կանաչ տեխնոլոգիաների ներդրմամբ հետաքրքրվողներին տեղեկություններ տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG