Մատչելիության հղումներ

Փամբակցի Բաղրամյանները շվարած են՝ բոլոր խնդիրներն անլուծելի են թվում


Հմայակ Բաղրամյանը իրենց տնակում

Լոռու մարզի Փամբակ գյուղում բնակվող Բաղրամյանների ընտանիքն ամեն օր արև-անձրևի հետ կռիվ է տալիս։ Ոչ թե տուն, այլ քնելու տեղ են կոչում իրենց 25-ամյա տնակը։ Պատմում են, որ արդեն խարխուլ, ոտքերի վրա հազիվ կանգուն մետաղե այս շինությունը քամիների ժամանակ վախեցնելու աստիճան երերում է։

«Նախավերջի կարկուտի ժամանակ էնա սենց կարկուտը տվեց, ոնց որ բալգարկով կտրեն շիֆերը, 40-լիտրանոց ֆլագեքը տակին՝ չէր հասցնում, որ փոխեն», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հմայակ Բաղրամյանը:

55-ամյա Հմայակը, որ երկու տարի առաջ ծանր հիվանդության հետևանքով զրկվել է ոտքերից, ասում է՝ իր ոտքերը փրկել հնարավոր էր, պարզապես բավարար գումար չուներ, չվճարեց, պետպատվերի շրջանակում չտեղավորվեց թանկարժեք բուժումը, ու բժիշկներն ընտրեցին ավելի էժան անդամահատումը․ - «Գումարը չբավականացրեց բուժելու, սղոցին հերիքացրեց՝ կտրին»:

Հմայակի ու կնոջ՝ Անահիտի հաշմանդամության թոշակներով են ապրում ավագ որդու ընտանիքը՝ երկու մանկահասակ երեխաներով, և զորակոչի տարիքի երիտասարդ տղան։

«30 մանեթ թոշակով ես՝ դեղերս փողով ա, դեղը առնե՞մ, կրիշս պահե՞մ, թե՞ ուտեմ։ Մի սեփական կատու անգամ չունեմ», - ասաց Հմայակ Բաղրամյանը:

Որդու չափահաս դառնալուց հետո աղքատության նպաստ արդեն չեն ստանում։ Նոր փաստաթղթեր են ներկայացրել սոցիալական ծառայություն։ Հույս ունեն, թե մյուս ամսվանից վճարումները կվերականգնվեն։ Օգնության խնդրանքով դիմել են տարբեր պետական մարմինների ու բացասական պատասխաններ ստացել։ «Մարզպետարան դիմել եմ, պատասխանը սա ա՝ ոչ մի հարցով չենք կարալ օգնենք՝ ոչ ֆինանսապես, ոչ նյութապես, ոչ էլ՝ տանով», - նշեց Հմայակը:

Լոռու մարզպետարանում հաստատեցին՝ Բաղրամյանները դիմել են, սակայն կարիքավորներին օգնելու տարեկան 20 միլիոն դրամ ֆինասական աջակցության ֆոնդից այս ընտանիքը գումար չի ստացել։ Փամբակի գյուղապետն «Ազատությանն» ասաց, թե նախորդ տարիներին գումարով օգնել են, խոստացավ, որ առաջիկա օրերին էլ տեղական բյուջեից ինչ-որ բան կհասցնեն ընտանիքին։

«Մեծ տղաս էրկու անչափահաս էրեխա ունի։ Գնացել ա արտերկիր, որ աշխատի՝ ընդեղ էլ հնարավորություն չկա, էս 4-5 ամիս ա գնացած ա՝ ընդեղից էլ չի կարում գումար ուղարկի», - ասաց Անահիտը:

Սոցիալական խնդիրները մի կողմից, բայց Բաղրամյանների ուսերին նաև մի ուրիշ ծանր բեռ կա։ Տան երկրորդ զավակը՝ Արծրունը, արդեն մեկ տարի զինկոմիսարիատից հիվանդանոց, հիվանդանոցից դատախազություն ճանապարհներին է։ Հմայակը «Ազատության» այցելության օրն էլ որդուն հերթական անգամ Երևան՝ բժշկի էր ուղարկել՝ քննիչի ցուցումով։ Դասալքության հոդվածով քրեական հետապնդում են սկսել երիտասարդի նկատմամբ, ով 2011 թվականին ռազմական վարժարան էր դիմել՝ որոշել էր սպա դառնալ։

«Ուղարկեցի «Փոքր Մհեր»՝ 11-12 թվին։ Մի օր ինձ կանչեց շտաբի պետը՝ րեխուս սկսեց գովալ, որ լավ ընդունակ ա․ լավ զինվորին էդպես չեն գովում, ինչ որ նրան։ Բայց ասավ՝ առողջականի հետ լուրջ պրոբլեմներ ունի՝ սրտի հետ, ոտքերն ուռչըմ, եսիմ... Չընդունեցին՝ «տարե՛ք բուժեք»։ Իսկ ծառայության ժամանակ՝ արդեն առողջ ա», - նշեց Հմայակը:

Առաջին կարգի հաշմանդամ հայրը պնդում է, որ անցած տարի՝ արդեն զորակոչի ժամանակ, որդու առողջական վիճակի մասին ռազմական վարժարանում առաջ քաշված խնդիրները զորակոչից ազատելու համար հիմք չեն դարձել։ Համարել են, որ լիարժեք առողջ երիտասարդը խուսափում է ծառայությունից, ու քրեական գործ են հարուցել․ - «Փոխանակ տանեն բուժեն, օգնեն՝ դատարան են տալի, գործը դատական ա»։

Մի քանի անգամ նաև դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, սիրտը հետազոտել։ Վերջին հետազոտությունն «Արմենիա» բժշկական կենտրոնում են արել ու եզրակացրել, որ 19-ամյա Արծրունը շնչառական բնույթի առիթմիա ունի։

«Մի խելոք սպա էրեխին կանչում ա մոտը, որ իբրև թե լավ խորհուրդ ա տալի, թե՝ «դու մի՛ խուսափի, ինչի՞ց ես խուսափում, մեկ ա՝ ոչ դիրքեր ես բարձրանալու, ոչ զենք ես օգտագործելու, ոչ էլ շարային ես գնալու, գնա քեզ հմար հանգիստ»... Մեր էս պետության վիճակը տենալով՝ մեր պետությանը առողջ զինվոր ա պետքը՞, թե՞ գնա ընդի կարտոլ մաքրի», - ընդգծեց Հմայակ Բաղրամյանը:

Փամբակցի Բաղրամյանները շվարած են՝ անտանիք տա՞ն, հաշմանդամ մեծերի՞, մանկահասակ երեխաների՞, թե՞ դասալիք համարվող որդու խնդիրները լուծեն: Բոլորն էլ, գոնե՝ առայժմ, անլուծելի են թվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG