Ռուսաստանի քաղաքներում մեկնարկել է «Մեծ շաբաթօրյակ» ակցիան, որի ընթացքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները նրա նախընտրական արշավի մասին թռուցիկներ են բաժանում:
Նավալնիի թիմակիցները հաղորդում են, որ Իրկուտսկում ոստիկանությունը ձերբակալել է հինգ ակտիվիստի, շտաբում առգրավել են քարոզչական նյութեր: Հունիսի 7-ին երեկոյան խուզարկություններ են իրականացվել նաև Ուֆայում գտնվող գրասենյակներում: Կոստրոմայում ոստիկանությունը թռուցիկներն ու թերթերը առգրավել է դրանք դեռ գրասենյակ չհասած:
«Շաբաթօրյակի» նախաշեմին ոստիկանությունը խուզարկել է նաև Նավալնիի այլ շտաբներ ռուսական մի շարք քաղաքներում: Մոսկվայում իրավապահների գործողություններից տուժել է ակտիվիստ Ալեքսանդր Տուրովսկին, ում տուգանել են՝ մեղադրելով ոստիկանությանը չենթարկվելու մեջ:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին մտադիր է մասնակցել Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններին: Երկրի տարբեր շրջաններում քաղաքական գործիչը շուրջ վեց տասնյակ շտաբներ է բացել, իսկ նրա թեկնածության առաջադրումը սատարել է ավելի քան կես միլիոն մարդ: