Որքան էլ որ խոշորացման ենթակա համայնքներում բնակիչները դժգոհ լինեն, խոշորացումն անխուսափելի է: Այսօր Շիրակի մարզում համայնքների խոշորացման հարցերով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
«Արդեն եկող տարի ողջ երկում կունենանք խոշորացված համայնքներ, սա կառավարության բացառիկ լիազորությունն է, նույնիսկ ԱԺ-ն և երկրի նախագահն իրավունք չունեն երկրի վարչատարածքային բաժանման օրենքում փոփոխություն անել: Կառավարությունն էլ համարում է, որ նման ձևով շարունակել կառավարել արդյունավետ չի»,- ասաց Գիլոյանը:
Խոշորացման ենթակա համայնքների ղեկավարները, մինչդեռ, դժգոհում էին՝ ոչ ոք գյուղ չի եկել՝ գյուղացիներին ներկայացնելու, թե ինչ են շահելու կամ կորցնելու խոշորացումից․ «Մենք կուզենք, որ քննարկումներ լինեն, ժողովուրդը հասկանա․․․»: Սախարովի անվան Մարդու իրավունքների Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը Գիլոյանի խոսքը գնահատեց իբրև «ինքնախոստովանական ցուցմունք», ասելով․ «Օրենքում ասված է, որ առավելագույնս ժողովրդին պետք է տեղյակ պահել իրեն վերաբերող գործընթացների մասին, այդ մասին գրված է հնարավոր բոլոր տեղերում, ոչ մի բան չի արվել»:
«Բիոսոֆիա» կազմակերպության ղեկավար Գևորգ Պետրոսյանն էլ նշեց՝ կառավարությունը խոշորացման ծրագրի շնորհիվ «շատ խնդիրների լուծման հարցում ձեռքերը լվանում է»: «Այժմյան միջհամայնքային ճանապարհները հետո դառնալու են ներհամայնքային ճանապարհներ, այսինքն՝ եթե էն ժամանակ հարցերը լուծվելու էին պետբյուջեի միջոցներով, հիմա դրվում են համայնքների վրա: Այսինքն՝ պետությունը հնարավորինս քիչ գումարներ է ուղղորդում դեպի համայնքներ և փորձում է ձեռքերը լվանալ տեղական մակարդակով ներդրումներ անելու գործընթացներից»,- օրինակ բերեց Գևորգ Պետրոսյանը:
Աշոտ Գիլոյանն էլ, իր հերթին, ամեն կերպ փորձում էր քննարկման մասնակիցներին համոզել, որ խոշորացումը «շատ լավ ռեֆորմ է», քանի որ մեծ համայնքներում հնարավոր է ճանապարհներ բարեկարգել և «ընդհանուր բյուջեից» տեխնիկա ձեռք բերել, ինչը փոքր համայնքների պարագայում հնարավոր չէ: