Համբուրգում նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա և ոստիկանական մեքենաներ հրդեհել:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե համաշխարհային առաջնորդները «կույր ու խուլ» չեն եղել Համբուրգի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հարցում:
Ավելի վաղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով վնասվածքներ են ստացել տասնյակ ոստիկաններ և բողոքի ակցիայի մասնակիցներ:
Համբուրգի ոստիկանությունը անկարգություններին վերջ տալու նպատակով ուրբաթ առավոտյան ջրցան մեքենա է գործի դրել:
Ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան բախումների ժամանակ շուրջ 75 ոստիկան վնասվածքներ է ստացել, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց: Գերմանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ տուժել են նաև տասնյակ ցուցարարներ:
Նախօրեին Համբուրգում փողոց էր դուրս եկել շուրջ 13 հազար ցուցարար, այդ թվում՝ հարյուրավոր անարխիստներ: Ոստիկանությունն ակնկալում է, որ առաջիկա հանգստյան օրերին մոտ 100 հազար ցուցարար կուղևորվի դեպի Համբուրգի նավահանգիստ:
Գագաթնաժողովի անվտանգությունը ապահովելու նպատակով տեղակայվել է 20 հազար ոստիկան: