Մատչելիության հղումներ

Ըստ ԵՏՄ-ի, միության մյուս անդամների հետ Հայաստանի առևտրի ծավալները նվազել են


ԵՏՄ անդամ երկրների դրոշները, Երևան, 20-ը մայիսի, 2016 թ․

2016 թ․ հունվարից ի վեր առաջին անգամ արձանագրված այդ անկումը Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլված չէ:

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալները վերստին անկում են ապրել: Ուշագրավ է այն, որ 2016 թ․ հունվարից ի վեր առաջին անգամ արձանագրված այդ անկումը Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլված չէ:

Եվրասիական տնտեսական միության ղեկավար մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առկա վերջին տվյալների համաձայն, այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի առևտուրը ԵՏՄ մյուս երկրների հետ կրճատվել է 3,8 տոկոսով՝ կազմելով 31,9 միլիոն դոլար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան, ով երեկ Երևանում մասնակցում էր «Հայաստանի երկու տարին ԵՏՄ-ում․ առաջին արդյունքները» խորագրով քննարկմանը, խոստովանում է․ «Դա կրիտիկական անկում չէ: Ասեմ, որ ես պատասխանատու եմ նաև վիճակագրության համար, և կարող եք տեսնել, որ մեզ մոտ վիճակագրությունը երբեմն շտկվում է: Այդ շտկումը նորմալ է: Այժմ մենք ուշադիր զննում ենք՝ ինչն է [անկման] պատճառը: Հնարավոր է, որ սա վիճակագրական որոշակի սխալի արդյունք է»:

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ ցուցանիշներ է ներկայացնում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2017 թ․ ապրիլին Հայաստանի առևտուրը ԵՏՄ երկրների հետ կազմել է 116,9 միլիոն դոլար կամ 5,2 տոկոսով ավելի՝ 2016 թ․ ապրիլի ցուցանիշի համեմատ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նույնպես տեղյակ չէր ԵՏՀ կայքէջում նշված անկման մասին: Նրա թղթապանակում եղած փաստաթղթերում ևս միայն աճ ցույց տվող ցուցանիշներ էին:

«Նորից շարունակում են պնդել՝ եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին, ապա տնտեսական ավելի մեծ խնդիրներ կառաջանային: Ինչ վերաբերում է այս տարվա առաջին ամիսներին, ես կարող եմ վստահաբար նշել, որ 5 ամսվա տվյալներով Հայաստանից արտահանումը դեպի ԵՏՄ շուկա աճել է ևս 25 տոկոսով, ի լրումն նախորդ տարվա 51 տոկոս աճի»,- ասաց Սուրեն Կարայանը:

Նախորդ տարիներին ներկայացված տվյալների դիտարկումից, մինչդեռ, պարզ է դառնում, որ անգամ աճի պարագայում, անցած տարի ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալը դեռ չի հասել անգամ 2013 թ․ արձանագրված մակարդակին: ԱՎԾ-ի համաձայն, 2016 թ․ ԵՏՄ անդամների հետ Հայաստանի առևտուրը կազմել է 1 միլիարդ 401 միլիոն դոլար, 2013 թվականին այդ թիվը 1 միլիարդ 417 միլիոն էր, 2014-ին՝ 1 միլիարդ 479 միլիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG