Մատչելիության հղումներ

Թրամփն «անհամբեր սպասում է Պուտինի և մյուս առաջնորդների հետ հանդիպումներին»


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Դրամփը Թվիթերում գրել է, որ անհամբեր սպասում է Վլադիմիր Պուտինի և մյուս առաջնորդների հետ հանդիպումներին»:

Գերմանիայում արդեն մեկնարկել է G20 գագաթնաժողովը, միջազգային հանրության ուշադրությունը, սակայն, սևեռված է մի քանի ժամից կայանալիք Թրամփ - Պուտին հանդիպմանը:

«Ռոյթըրս» գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է Թրամփ - Պուտին բանակցություններում հանդես գալ միջնորդի դերում՝ նշելով, որ ուզում է գագաթնաժողովում պաշտպանել առաջին հերթին Եվրոպայի շահերը:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ինչպես տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, նախատեսված է տեղական ժամանակով 15:45-ին և տևելու է 35 րոպե: Հանդիպումն անցնելու ընդլայված ձևաչափով․ ամերիկյան աղբյուրները գրում են, որ հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ Թրամփն ու Պուտինն արդեն միմյանց տեսել են գագաթնաժողովի կուլուարներում, բարևել ու իրար ձեռք են սեղմել:

Թրամփ - Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին պաշտոնական հստակ տեղեկատվություն չկա: Սակայն ռուսաստանյան և ամերիկյան աղբյուրները նշում են, որ նախագահները քննարկելու են առաջին հերթին Սիրիան և Ուկրաինան, ինչպես նաև Հյուսիսային Կորեան ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին, հաղորդել էր, թե Թրամփը մտադիր չէ այդ հանդիպմանը բարձրացնել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը:

Մինչդեռ երեկ Վարշավայում Միացյալ Նահանգների նախագահն արդեն խոսել է այդ մասին: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, նա ասել է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին՝ հավելելով, սակայն, թե այլ երկրներ նույնպես կարող էին միջամտել, և որ հստակ ոչ ոք չի կարող ասել»:

Երեկ Թրամփը ավելի կոշտ քննադատություն էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Ռուսաստանի գործողությունները մասնավորապես Արևելյան Եվրոպայում ապակայունացնող բնույթ ունեն, ապա կոչ է արել վերջ տալ այդ գործողություններին Ուկրաինայում, ինչպես նաև դադարեցնել աջակցությունը «թշնամական ռեժիմներին»՝ նկատի ունենալով Իրանն ու Սիրիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG