Մատչելիության հղումներ

ԵՄ-ն շատ լուրջ է մոտենում Հայաստանի էներգետիկ անկախության հարցին․ Սվիտալսկի


ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցում է արևային էներգիայով աշխատող ավտոբուսային կանգառի բացմանը, Երևան, 7-ը հուլիսի, 2017 թ․

Եվրոպական միությունը ցանկանում է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով մասնակցում էր Եվրամիության ֆինանսավորմամբ Երևանում կառուցված՝ արևային էներգիայով աշխատող երկու ավտոբուսային կանգառներից մեկի բացմանը:

«Ուղերձը շատ հստակ է․ Եվրոպական միությունը խթանում է ավելի էժան, մաքուր էներգիայի արտադրությունը՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ անկախությանը: Եվրոպական միությունը շատ լուրջ է մոտենում Հայաստանի անկախությանն աջակցելու հարցին, իսկ էներգետիկ անկախությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր երկրների համար:

Այստեղ իրականացվող մեր ծրագրերի զգալի մասի թիրախում Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդումն է: էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերում մենք արդեն իսկ ներդրել ենք ավելի քան 30 միլիոն եվրո, այս գումարի մեծ մասը ծախսվում է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրալարերի անցկացման վրա, քանի որ, մեր կարծիքով՝ դա կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախությանը»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:

Հիշեցնենք՝ վերջերս նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել Հայաստանի էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների պատրաստակամության մասին: Դեսպան Միլսը, մասնավորապես, ասել էր՝ «եթե լինի ազատ մրցակցություն», ապա այդ ոլորտում կա 8 միլիարդ դոլար ամերիկյան ներդրումների հնարավորություն:

Այսօր «Ազատության» հարցին՝ արդյո՞ք այս ծրագրերը նաև Հայաստանի էներգետիկ ոլորտը Ռուսաստանի գերակա ազդեցությունից որոշակիորեն դուրս բերելու հեռահար քաղաքական նպատակ ունեն, դեսպան Սվիտալսկին արձագանքեց․ այլընտրանքային էներգիայի արտադրության զարգացմանը նպաստելու՝ ԵՄ ծրագիրը քաղաքական նպատակներ չունի:

«Մենք չենք մտածում քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոնների մասին: Մենք մտածում ենք հասարակ հայաստանցիների մասին, որպեսզի նրանք ունենան ավելի էժան ու մաքուր էներգիա: Մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի արդյունավետությունն ու նոր տեխնոլոգիաները բարելավում են հայաստանցիների կյանքը»,- հավելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Եվրամիության դեսպանն այսօր ընդգծեց՝ անցումն այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմանը ոչ թե վաղվա, այլ ավելի հեռավոր ապագայի հարց է, բայց արդեն այսօրվանից պետք է այդ ոլորտում ներդրումներ կատարել, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ունի «բացառիկ բարենպաստ» կլիմայական պայմաններ արևային էներգետիկայի զարգացման համար:

«Արևային էներգիան ձերն է, դրա կիրառման դեպքում դուք կախում չեք ունենա որևէ այլ երկրից: Հայաստանի նման երկրի համար, որը չունի ածուխ, գազ կամ նավթ, սա իսկապես էներգիայի կարևորագույն աղբյուր է: Ի լրումն, սա նաև մաքուր էներգիա է»,- շարունակեց Եվրամիության դեսպանը: Ի դեպ, այսօր նա առաջինն օգտվեց Երևանի Մոսկովյան փողոցի վրա՝ «Պատանի հանդիսատեսի թատրոնի» դիմաց գտնվող ավտոբուսային կանգառում բջջային հեռախոսն անվճար լիցքավորելու հնարավորությունից:

Այդ կանգառում էլեկտրականությունը ստացվում է տանիքին տեղադրված արևային վահանակի շնորհիվ: Արևային էներգիայով աշխատող երկրորդ «Եվրամիության ավտոբուսային կանգառը» գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա: Կանգառներից յուրաքանչյուրի կառուցման համար Եվրամիությունը ծախսել է 6 հազար եվրո: «Այս արևային վահանակներն այստեղ կմնան 1 տարի, դրանից հետո փորձելու ենք դրանք տրամադրել այլ հաստատությունների՝ դպրոցների կամ մանկապարտեզների»,- ասաց Սվիտալսկին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց նախաձեռնությունը խնդիր ունի ցրել մտայնությունը, թե այլընտրանքային էներգիայի կիրառումը հասանելի է միայն հարուստ երկրներին: Դեսպանը նաև տեղեկացրեց՝ իրենք արևային էլեկտրակայանի տեղակայման փորձնական ծրագիր են սկսել Վայոց Ձորի մարզում, այլընտրանքային էներգիայի զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել նաև Սպիտակում և Վայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG