Մատչելիության հղումներ

Այսօր Համբուրգում կհանդիպեն ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի հարցն է լինելու ամենաբարդը Թրամփ-Պուտին առաջին հանդիպմանը։

Այսօր Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, նախատեսված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները ծրագրվում են օրվա երկրորդ կեսին, թեև մինչ այդ նրանք հանդիպելու են նույն սրահում, որտեղ մեկնարկելու է գագաթնաժողովը և որտեղ Մեծ քսանյակի երկրների ղեկավարները քաղաքական քննարկումներ են անցկացնելու։

Պուտին-Թրամփ առանձին հանդիպումը տևելու է շուրջ մեկ ժամ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Օրակարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլը, Սիրիայի և Ուկրաինայի հարցերն են լինելու նախ և առաջ, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, գրում են, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը դժվար թե բարձրաձայնի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը, թեև երեկ Վարշավայում Թրամփն այդ մասին խոսել է, մասնավորապես՝ լրագրողի հարցին ի պատասխան ասել է, թե, այո, համաձայն է, որ Ռուսաստանը միջամտել էր ամերիկյան ընտրություններին, սակայն նաև մյուս երկրներն էլ կարող էին միջամտել, և հստակ ոչ ոք չգիտե։

ՏԱՍՍ-ը հրապարակել է որոշ կետեր Կրեմլի մամուլի ծառայության պատրաստած հաղորդագրությունից, որում նշված է, մասնավորապես, որ Կրեմլն ամերիկյան մամուլի՝ ռուսական միջամտության և Թրամփի ու Մոսկվայի կապերի մասին հրապարակումներն անհիմն է համարում։

Երեկ Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Արևելյան Եվրոպայում ապակայունացնող բնույթ ունեն, և կոչ է արել վերջ տալ այդ ապակայունացնող գործողություններին Ուկրաինայում ու դադարեցնել աջակցությունը, իր խոսքով՝ «թշնամական ռեժիմներին», այդ թվում՝ Իրանում և Սիրիայում։

Հինգշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ, և քննարկվող թեմաների շարքում էր նաև Ուկրաինայի հարցը։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ հենց Ուկրաինայի հարցն է լինելու ամենաբարդը Թրամփ-Պուտին առաջին հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG