Մատչելիության հղումներ

Եղնուկյանն «անհերքելի փաստ է» համարում իր քաղբանտարկյալ լինելը


«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը կալանավայրում կարդում է Սերժ Սարգսյանի ելույթները:

Այսօր նա դատավորի համար մեջբերեց Գլխավոր դատախազությունում նախագահի ելույթի այն հատվածը, թե իր համար «իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի» և որ «․․․մտահոգիչ է դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը», ապա ասաց․ - «Ձեզ առիթ է տրվում, հարգելի դատարան, որպեսզի չխորացնեք քաղբանտարկյալ բնորոշման փաստերը: Եթե իմ հորդորը չեք ուզում լսեք, ապա բարի գտնվեք և լսեք ձեր գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին»:

Ընդդիմադիր գործիչը դատավոր Մարինե Մելքոնյանի համար հատված առ հատված մեջբերեց նաև նոր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե անարդարությունը չարիք է, հիվանդություն, թուլացնում է պետությունը, վերացնում ապագայի նկատմամբ հավատը, և որ իշխանությունները պատերազմի նոր փուլ են հայտարարում անարդարությանը, ուստի դատավորի թույլ տված անարդարությունը դավաճանություն է հայրենիքի հանդեպ․ - «Հարգելի դատարան, հանկարծ դավաճանություն չանեք»:

Եղնուկյանը հերթական անգամ պահանջում է իր գործն անջատել «Սասնա ծռեր»-ի վարույթից, առանձին քննել՝ պնդելով, որ մեկ ամիսը բավարար է իր դատաքննությունն ավարտելու համար, այնինչ հիմա սպասելու է տարիներ․ - «Նժարի մյուս կողմը դատավարությունն է 14 մեղադրյալների՝ 74 հատոր, 40 հազար էջից բաղկացած քրեական գործով, որից ինձ է վերաբերվում միայն 40 էջը: Եվ հաշվի առնելով, որ վերջին երեք նիստը ներկա-բացակա և սանկցիա կիրառելուց բացի ուրիշ դատական գործողություն տեղի չի ունեցել, վստահորեն կարող ենք ասել, որ այդ դատավարությունը կտևի հինգ տարի»:

Ընդդիմադիր գործիչը դատարանում հայտարարեց՝ անհերքելի փաստ է, որ ինքը քաղբանտարկյալ է․ - «Դատաիրավական ամբողջ համակարգը և ընդհանրապես իշխանության ներկայացուցիչները ի պաշտոնե միշտ պետք է ասեն, որ Հայաստանում քաղհալածյալ և քաղբանտարկյալ չկա: Եվ միշտ պետք է հղում անեն քրեական օրենսդրությամբ առաջադրված մեղադրանքների՝ որպես «ապացույց», որ իբր Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվել է խաբեության մեջ, Շանթ Հարությունյանը՝ խուլիգանության մեջ, Կարո Եղնուկյանը՝ պատանդ և շենք-շինություն պահելու օժանդակության մեջ և այլն»:

«Ոստիկանությունը բարեփոխվել է», - հեգնեց Եղնուկյանը․ - «ընդդիմադիրների գրպանն այլևս թմրանյութ չեն գցում: Հայտնաբերում են սոդա, պլաստիկ շիշ, պոլի փետ և այլն, ու մեղադրում են, որ իբրև թե այդ անձինք նախապատրաստվում են զանգվածային անկարգությունների: Եվ ի վերջո իմ դեպքը․ օգտվելով հանգամանքներից, որ մի քանի րոպեանոց, իրենից բան չներկայացնող հեռախոսազանգ եմ ունեցել գնդում գտվող երկու անձի հետ, մեղադրվում եմ պատանդ և շենք-շինություններ պահելու օժանդակության մեջ: Նույնիսկ Ֆելինիի երևակայությունը չէր դիմանա այն «փաստերին» և անհիմն եզրակացություններին, որ մեղսագրվում են ինձ»:

Շուրջ մեկ տարի անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանը դատարանին հիշեցրեց՝ մի քանի ատյանով է անցել իր խափանման միջոցը փոխելու պահանջով, բայց ապարդյուն:

Նա օրինակներ բերեց․ - «Լիսկան կնոջը հարվածելու համար չկալանավորվեց, բայց Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց իբրև թե ոստիկանին հարվածելու համար»:

Այսօրվա նիստին ևս մեղադրող կողմը չէր ներկայացել, փաստաբանն ու Եղնուկյանը հիշեցրին, որ, օրինակ, երբ Սեֆիլյանի ու «Սասնա ծռեր»-ի նիստերին պաշտպանները չեն ներկայանում, դատավորները սանկցիաներ են կիրառում փաստաբանների նկատմամբ:

Եղնուկյանի փաստաբանը միջնորդեց, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի: Դատարանը միջնորդությունը մերժեց՝ որակելով անհիմն:

Դատավարությունը կշարունակվի առաջիկա շաբաթներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG