Այսօր Համբուրգում մեկնարկում է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը, որի ընթացքում մոլորակի 20 առավել զարգացած պետությունների ղեկավարները քննարկելու են համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքական և տնտեսական հարցեր:
Համբուրգում տեղի կունենա միջուկային երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի անդրանիկ հանդիպումը:
Մեծ յոթնյակի, Մեծ քսանյակի, ինչպես նաև Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի հավաքների օրերին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվում են միջոցառումը հյուրընկալող քաղաքում և զանգվածային ակցիաներով բողոք հայտնում պետական այրերին, բիզնեսի և բանկային համակարգի ղեկավարներին՝ նրանց դատապարտելով արդիական խնդիրների լուծումը տապալելու համար: Շատ հաճախ տեղի են ունենում նաև զանգվածային անկարգություններ:
Բարեգործական մի շարք կազմակերպություններ միավորած Oxfam կոնֆեդերացիան պայքարում է անհավասարության դեմ և Համբուրգում ընտրել է բողոքի ֆլեշմոբային տարբերակը՝ Մեծ քսանյակի առաջնորդների դիմակներով մարդիկ հավաքվել են փողոցում և խոսում են մեր օրերի արատավոր երևույթների մասին:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ընդամենը 8 մարդ ունի ճիշտ այնքան հարստություն, որքան ունի աշխարհի բնակչության թշվառ կեսը՝ 3 միլիարդ 600 միլիոնը, որտեղ տասը մարդկանցից մեկի օրական եկամուտը 2 դոլարից պակաս է, որտեղ 800 միլիոն մարդ ամեն գիշեր քաղցած է պառկում քնելու։ Այս իրավիճակը բացարձակ անընդունել է։ Մենք եկել ենք Համբուրգ, որ ասենք այդ մասին։ Շատ կարևոր է, որ Մեծ քսանյակը մարդկության անհավասարության հաղթահարումը դարձնի իր օրակարգի առավել հրատապ հարցերից մեկը», - ասել է Oxfam կոնֆեդերացիայի քարոզարշավի ղեկավար, բողոքի ակցիայի համակարգող Սթիվ Փրայս-Թոմասը:
Մեծ քսանյակի հավաքն այսօր է մեկնարկում և կավարտվի վաղը՝ հուլիսի 8-ին: