Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Հայաստանում քաղաքական ճահիճ է ստեղծվել


Սահմանադրության օրվա կապակցությամբ «Ազատությունը» զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

Լևոն Զուրաբյան․ - Մենք պետք է հասկանանք, թե ինչու է Սահմանադրության ընդունման օրը համարվում տոն: Դա շատ պարզ պատասխան ունի․ Սահմանադրության կարևորությունը ցանկացած երկրի կյանքում նրանում է, որ սահմանադրությունը մեկընդմիշտ սահմանում է քաղաքական խաղի անփոփոխելի կանոնները: Որևէ դեմոկրատական ազգ, երբ որ ընտրում է կառավարման ինչ-որ մոդել, դա այլևս չի փոփոխվում: Այսինքն՝ կառավարման մոդելը ինքնին դառնում է դեմոկրատական գործընթացների երաշխիքը: Ցավոք սրտի, մեզ մոտ արդեն երկու անգամ փոփոխության ենթարկվեց սահմանադրությունը․ մեկ անգամ 2005 թվականին, մեկ անգամ 2015 թվականին: Մի կողմ դնենք էն հանգամանքը, որ այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի ժողովրդի կամքի հետ: Բայց սահմանադրության ամբողջ իմաստը հենց նրա մեջ էր, որ ամեն մի նախագահ չգար և իր ուզած ձևով կառուցեր մի նոր սահմանադրություն, որը պետք է ապահովեր իր իշխանության պահպանման հնարավորությունը:

«Ազատություն»․ - Առջևում 2018 թվականն է, և արդեն Ձեր բարձրացրած մտահոգությունը կարծես թե մենք կարող ենք շոշափելիորեն զգալ: Ձեր բոլոր մտահոգությունները, որ բարձրաձայնում էիք 2015 թվականին, այսօր Դուք տեսնո՞ւմ եք:

Զուրաբյան․ - Իհարկե: Մենք շատ լավ հասկանում էինք 15 թվականին, որ սահմանադրական փոփոխությունները և՛ տեսականորեն անընդունելի են, որովհետև փոխվում է կառավարման մոդելը, և՛ գործնականում ծառայում են մեկ նպատակի՝ դա Սերժ Սարգսյանի և իր ղեկավարած Հանրապետական կուսակցության իշխանության հավերժացումն է: Որովհետև, եթե սահմանադրությունը մնար հինը, Սերժ Սարգսյանը ստիպված պետք է իր իշխանությունը զիջեր մեկ այլ անձի՝ թեկուզև նորից կեղվեր ընտրությունը, թեկուզև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ընտրվեր: Բայց դա կլիներ արդեն այլ մարդու իշխանություն․․․ գոնե այդ առումով ինչ-որ փոփոխություն կլիներ:

«Ազատություն»․ - 2018 թվականը մոտենում է: Ժողովուրդը արդեն վստա՞հ է, որ Ձեր ասածը իրականություն է դառնալու:

Զուրաբյան․ - Ես կարծում եմ, այդ կեղծված հանրաքվեով և կեղծված Ազգային ժողովի ընտրություններով, երբ որ իսպառ ոչնչացրեցին ընդդիմության անգամ փոքրիկ ներկայությունը պառլամենտում, մի քաղաքական ճահիճ է ստեղծվել․ իշխանությունը ապահովել է իր կայունությունը և հիմա կարծես թե համարում է, որ լուծել է բոլոր խնդիրները՝ ներիշխանական, ներքաղաքական, և կարող է վայելել հինգ տարի առնվազն իր իշխանությունը, իսկ հետո․․․ արդեն կերևա: Բայց ես կարծում եմ, սա պատրանք է: Իհարկե, ժողովուրդը հուսահատված է, հիասթափված է: Իհարկե, ժողովուրդը բազմաթիվ քաղաքական այս վայրիվերումներից, ցույցերից, հանրահավաքներից հետո, տեսնելով, որ չի կարողանում հասնել բաղձալի նպատակին՝ իշխանափոխությանը և ժողովրդավարության հաստատմանը, հիմա նախընտրում է քվեարկել «ոտքով» և Հայաստանից հեռանալ: Բայց ես չեմ կարծում, որ սրանում պատմությունը ավարտվեց, և հայ ժողովուրդը իսպառ վերացավ: Նման բան չի կարող լինել: Չե՛ն ջարդի, չե՛ն կոտրի: Չ՚են ջարդեն և չե՞ն կոտրել հայ ժողովրդին: Էս պահին միգուցե կարողացել են փողով, ուժի կիրառմամբ, տարբեր տեսակի մանիպուլյացիներով լռեցնել, հուսահատեցնել, բայց, ինչպես հայտնի է, հավերժ ժողովրդին հնարավոր չի պահել էս վիճակում: Ժողովուրդը մի օր ապստամբելու է և սահմանադրությանը տալու է այն առաքելությունը, որին որ սահմանդրությունը կոչված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG