Գերմանիան ենթադրում է, որ Ռուսաստանը կփորձի ազդել այդ երկրում սեպտեմբերին անցկացվելիք համընդհանուր ընտրությունների վրա՝ ժողովրդավարության նկատմամբ գերմանացիների վստահությունը խաթարելու նպատակով:
Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը պատրաստվում է դիմակայել Մոսկվայից ակնկալվող թե՛ կեղծ լուրերի տարածմանը, թե՛ հարձակումներին:
«Մենք ականատեսը եղանքը ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերին, նույնը տեսանք նաև Ֆրանսիայում», - ասել է նա՝ հավելելով․ - «Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այդ ամենը Ռուսաստանից էր, և, այդպիսով, չի կարելի բացառել, որ նման փորձեր կարող են տեղի ունենալ նաև Գերմանիայի ընտրությունների ժամանակ»:
Ներքին հետախուզական ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե ինչ նպատակներ է իր առջև դնում Ռուսաստանը գերմանական ընտրությունների հարցում: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կնախընտրեր, որ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի փոխարեն այդ պաշտոնում լիներ մեկ ուրիշը:
Մերկելը, ով աջակցում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, փորձում է վերընտրվել չորրորդ անգամ:
Ռուսաստանը ավելի վաղ հերքել է օտար պետությունների ընտրությունների արդյունքների վրա ազդելու մասին հայտարարությունները: