Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության նախապատրաստումը պաշտոնապես մեկնարկել է


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Ստամբուլում պաշտոնապես սկսվել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության նախապատրաստման գործընթացը: Երեկ երեկոյան պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում ձևավորվել է Նախաձեռնող մարմին, որն էլ պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ միասին նախապատրաստելու է պատրիարքական ընտրությունները:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ տեղապահ Բեքչյանի գլխավորած ժողովը, որին մասնակցել են հայկական հիմնադրամների ղեկավարներն ու պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամները, առաջադրված թեկնածուներից ընտրել է Նախաձեռնող մարմնի 13 անդամներին: Բացի այդ, պատրիարքարանին տրվող քվոտայի միջոցով ևս 5 հոգի ընգրկվել է Նախաձեռնող մարմնի մեջ: «Ակօսը» հայտնում է, որ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն այսօր հրաժարվել է մաս կազմել խմբի աշխատանքներին: Ձևավորված մարմինը պատրիարքի ընտրություններին ընդառաջ համակարգելու է նախապատրաստական գործընթացը՝ կազմելու է հայաբնակ թաղամասերի ընտրողների ցուցակները, սահմանելու պատրիարքին ընտրող պատվիրակների թիվը:

Պատրիարքարանի քվոտայով Նախաձեռնող մարմնի անդամ ընտրված պոլսահայ բժիշկ Թաթյոս Բեբեքը «Ազատության» հետ զրույցում պատմեց առաջիկայում սպասվող աշխատանքների մասին․ - «Նախաձեռնող մարմնի առաջին քայլերից մեկը ընտրության ամսաթվի հստակեցումն է: Այնուհետև այս մարմնի և պատրիարքարանի ներկայացուցիչները թուրքական պատկան մարմիններին կհայտնեն որոշված ամսաթիվը: Հետո կապ կհաստատվի պատրիարքական աթոռին հավակնող թեկնածուների հետ և կսպասենք նրանց արձագանքին: Պատրիարքի ընտրության ամսաթիվը առայժմ հայտնի չէ, բայց ենթադրում եմ, որ այս գործընթացը կարող է մոտ 4, 5 ամիս տևել, չեմ կարծում, որ մինչև տարեվերջ կավարտվի»:

Թաթյոս Բեբեքի խոսքերով, Նախաձեռնող մարմինը հաջորդ երկուշաբթի առաջին ժողովը կգումարի՝ ընտրելով նախագահ ու փոխնախագահ, և աշխատանքի բաժանում կկատարի:

Անցած շաբաթ Պոլսո հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովի որոշմամբ դադարեցվել էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները, ինչը թափ էր հաղորդել նոր պատրիարքի ընտրության գործընթացին:

Պոլսո 85-րդ պատրիարքի աթոռին կարող են հավակնել հայ առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ, որոնցից չորսը՝ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հավանական թեկնածուներն են համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG