Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը


Հայաստանը այսօր տոնում է Սահմանադրության օրը:

Երկրի Հիմնական օրենքը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, ապա երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է․ - «Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է՝ կառուցել ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն: Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի Հիմնական օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը անցած տարիների ընթացքում մեր պետության և ողջ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում»:

«Բնականաբար, այդ ընթացքում մեր հասարակական և քաղաքական կյանքում տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը և այսօր մեր երկրում իրականություն է դարձել», - գրում է նախագահը՝ շարունակելով․ - «Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն»:

Ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սերժ Սարգսյանը մաղթում է, որ «մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր Սահմանադրության տառին և ոգուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG