Մատչելիության հղումներ

«Ավելի թափանցիկ կառույց ես չեմ ճանաչում»․ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն


Արա Վարդանյանը «Ազատության» տաղավարում, 4-ը հուլիսի, 2017 թ․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր «Ազատության» ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հիմնադրամն աշխատում է «ֆենոմենալ մակարդակի թափանցիկությամբ»:

«Հիմնադրամը գրեթե Հայաստանի անկախության տարիքին է, այս տարի տոնում ենք մեր 25-ամյակը: Այս տարիների ընթացքում լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել»,- ասաց Վարդանյանը, նշելով, որ ստեղծման պահից ի վեր «Հայաստան» հիմնադրամը փոփոխություններ է կատարել ինչպես աշխատաոճում, այնպես էլ ծրագրերում:

«Այս 25 տարիների ընթացքում մենք կարողացանք հասնել թափանցիկության ֆենոմենալ մակարդակի: Միանշանակ պնդում եմ, որ մեր պես թափանցիկ աշխատող կազմակերպություն ես չեմ ճանաչում: Մենք միակն ենք, որ անցնում ենք երկու տեսակի ստուգում: Բացի դրանից՝ մեր հոգաբարձուների խորհրդում նաև կա սփյուռքից աուդիտոր: Այս պահին դա պարոն Արա Ասլանն է, որը յուրաքանչյուր տարի մեր աուդիտի հետ միասին անցկացնում է ստուգում և հոգաբարձուների խորհրդին առանձին ներկայացնում է իր դիտարկումները»,- ասաց Արա Վարդանյանը:

Նրա խոսքով, եթե, օրինակ, հիմնադրամի շինարարական ծարգրերի մրցույթների հետ կապված կան բողոքներ, «այսօր դա թաքուն պահել հնարավոր չէ»: «Եթե լինեին ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր կամ դեպքեր, ապա ես համոզված եմ՝ շատ վաղուց արդեն թե՛ ձեր ռադիոկայանի միջոցով, թե՛ այլ լրատվամիջոցներով մենք բոլորս դրա մասին կլսեինք, բայց դա չկա»,- համոզմունք հայտնեց Վարդանյանը:

Օգտատերերից մեկի հարցին՝ «չե՞ք կարծում, որ արդեն ամոթ է սփյուռքից գումար մուրալը, երկրի միլիոնատերերն ու միլիարդատերերը չե՞ն կարող «գցվել» ու շատ խնդիրներ լուծել», Վարդանյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ երբեք կողմնակից չեմ եղել «մուրալ» բառին, քանի որ մենք չենք մուրում: Մենք մի հարթակ ենք, որի միջոցով մեր հայրենակիցները Հայաստանում, Արցախում և սփյուռքում հնարավորություն ունեն՝ կատարել նվիրատվություններ իրենց իսկ հայրենիքը շենացնելու համար: Գործը, որ մենք անում ենք, իրոք սուրբ է»:

«Հայաստան» հիմնադրամի տնօրենը հավելեց, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է Հայաստանից և Ղարաբաղից արվող նվիրատվությունների չափը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG