Մատչելիության հղումներ

Դատարանը Սեֆիլյանին և ընկերներին առաջարկում է փոխել պաշտպաններին, ամբաստանյալները կտրականապես դեմ են


Ժիրայր Սեֆիլյանին հեռացնում են դատարանի դահլիճից, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանին հեռացնում են դատարանի դահլիճից, արխիվ

Այսպիսով՝ այս գործով երկու մեղադրյալի համար դատարանը հանրային պաշտպան ներգրավեց, 7 ամբաստանյալներից 6-ը զրկված են նիստերին մասնակցելու հնարավորությունից, և դատավարությանը մասնակցում է միայն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ մեղադրյալը:

Դատարանը Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին առաջարկում է այլ փաստաբանների ընտրել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում գործում կներգրավի հանրային պաշտպանների: Թեև Սեֆիլյանը, Սաֆարյանը և Պողոսյանը հեռացված են նիստերի դահլիճից, դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր կարգադրեց ապահովել նիստին նրանց ներկայությունն ու հայտնեց՝ պետք է այլ պաշտպան ընտրեն:

«Ամբաստանյալ Սեֆիլյան, պարզաբանում եմ ձեզ, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանն անընդմեջ երեք դատական նիստերի ներկա չի եղել, դատարանը ձեզ առաջարկում է ընտրել այլ պաշտպան, իսկ եթե հրաժարվեք՝ դատարանն իր նախաձեռնությամբ կնշանակի պաշտպան: Խնդրում եմ հայտնեք ձեր դիրքորոշումը»,- հայտարարեց դատավորը: Ժիրայր Սեֆիլյանը հակադարձեց․ «Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում, իսկ ձեր պաշտպաններին պահեք ձեզ, իմ բացակայությամբ նրանք մասնակցելու իրավունք չունեն»: Դատավորը կրկնեց, որ Տիգրան Հայրապետյանը չի ներկայացել վերջին երեք նիստերին և կարգադրեց դարձյալ հեռացնել Սեֆիլյանին:

Ապա դահլիճ հրավիրվեց Գևորգ Սաֆարյանը, որը նույնպես պնդեց, որ չի հրաժարվում իր պաշտպան Տիգրան Եգորյանից: Վերջինս, դատավորի ներկայացմամբ, չի ներկայացել վերջին չորս նիստերին: «Դատարանը լիազորված չէ ինձ պաշտպան նշանակելու, պաշտպանն իրականացնում է պաշտպանություն իմ անունից, այսինքն՝ այն լիազորություները, որն ունի պաշտպանը, նրան կարող է տալ միայն ամբաստանյալը: Ես որևէ այլ պաշտպանի չեմ լիազորում՝ հանդես գալ իմ անունից, այլ լիազորում եմ Տիգրան Եգորյանին»,- հայտարարեց Սաֆարյանը, ինչից հետո դատավորի կարգադրությամբ նրան ևս հեռացրեցին դահլիճից:

Ներսես Պողոսյանն անգամ չհասցրեց հստակ պատասխանել դատավորի հարցին, միայն տեղից բացականչեց, որ իր փաստաբան Արայիկ Պապիկյանից չի հրաժարվում, բայց հայտարարվեց ընդմիջում:

Ի վերջո, չնայած ամբաստանյալների առարկությանը, դատավորը որոշեց Գևորգ Սաֆարյանի համար հրավիրել հանրային պաշտպանի, իսկ ահա Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պարագայում կներգրավվեն նրանց մյուս փաստաբանները: Այսօր ավելի վաղ ևս, ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի կամքին հակառակ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանրային պաշտպանի ներգրավեց:

Փաստաբաններն այժմ հայտարարում են՝ իրականություն է դառնում իրենց մտավախությունն առ այն, որ դատական նիստերն անցնելու են առանց ամբաստանյալների ու նրանց փաստաբանների՝ միայն մեղադրողի ու հանրային պաշտպանների մասնակցությամբ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն այօր առավոտյան եկել էր նիստին, բայց այդպես էլ խոսելու հնարավորություն չստանալով՝ լքեց դահլիճը, ինչից հետո արժանացավ հերթական սանկցիային: «Բոլորի նկատմամբ միայն պատժամիջոցներ են կիրառում: Ուզում են լռեցնել, որ մենք չարտահայտվենք, չբարձրաձայնենք այն անօրինությունների մասին, որոնք տեղի են ունենում նիստերի դահլիճում: Դատարանին դա չի հաջողվելու»,- ավելի ուշ ասաց Պապիկյանը:

Մեկ այլ փաստաբան՝ Նինա Կարապետյանցը թեև մասնացել է դատական բոլոր նիստերին, բայց այսօր պարզեց, որ գործում դեռ ներգրավված չէ: Դատարանը նրան ևս խոսելու հնարավորություն չտվեց: «Փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ իրենց ուզածն անեն՝ ապահովելով դատավարության միայն ձևական կողմը»,- դահլիճից դուրս գալուց հետո ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը:

Այսպիսվ՝ այս գործով երկու մեղադրյալի համար դատարանը հանրային պաշտպան ներգրավեց, 7 ամբաստանյալներից 6-ը զրկված են նիստերին մասնակցելու հնարավորությունից, և դատավարությանը մասնակցում է միայն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ մեղադրյալը: Հաջորդ նիստը տեղի կունենա 3 շաբաթ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG