Վաշինգտոնը ծրագրում է ամերիկյան ընկերությունների համար հնարավորինս դյուրացնել հեղուկ գազի մատակարարումը Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրներ: Դա պետք է հանգեցնի եվրոպական երկրներ ամերիկյան գազի արտահանման ծավալների կտրուկ աճի, ինչը կնվազեցնի այդ երկրների կախվածությունը «Գազպրոմից»:
Թրամփն իր մտադրության մասին կհայտարարի Վարշավայում հուլիսի 6-ին՝ հուլիսի 7-9-ին Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի նախօրեին: Գագաթնաժողովի շրջանակներում, հիշեցնենք, նախատեսված է ԱՄՆ-ի նախագահի առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խոսքը Լեհաստանի, Ավստրիայի, Լատվիայի և Էստոնիայի մասին է, որոնք այսօր կախված են ռուսաստանյան գազից: Գործակալությունը մեջբերում է ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ջոնսի խոսքերը, թե «ամերիկյան հեղուկ գազի մատակարարումը նպաստի, որ այդ երկներն դառնան է՛լ ավելի ինքնուրույն»:
Ռուսաստանյան «Գազպրոմը», ում շահերին վնասում է այդ ծրագիրը, առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Ուորլիքը, մինչդեռ, արդեն հայտարարել է, որ «եվրոպական էներգետիկ անկախությունը այն հիմնական նպատակներից մեկն է, որին ձգտում է Միացյալ Նահանգները»: Ըստ Ուորլիքի, 2015-ին եվրոպական երկրները սպառած գազի շուրջ 45 տոկոսը ստացել են «Գազպրոմից»:
Մինչև վերջերս Միացյալ Նահանգները հեղուկ գազ էին մատակարարում միայն Իսպանիային, Իտալիային և Պորտուգալիային, իսկ այժմ մատակարարում են նաև Լեհաստանին, որտեղ «ուժեղ են «Գազպրոմի» դիրքերն ու ազդեցությունը:
«Վաշինգտոն Փոստ» պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «Գազպրոմի» լուրջ մրցակիցը դառնալ Եվրոպայում արդեն այս տարի:
Ռուսաստանցի փորձագետները լուրջ մտահոգություն դեռ չեն բարձրաձայնում՝ պնդելով, որ ամերիկյան հեղուկ գազը շատ ավելի թանկ է, քան «Գազպրոմինը»: Միաժամանակ նույն փորձագետները փաստում են, որ արդեն կառուցված գազատարները ռուսաստանյան ընկերությունն օգտագործում է միայն 50 տոկոսով, և եվրոպական շուկան չափազանց կարևոր է «Գազպրոմի» համար: